Հակամարտությունը, որը տասնամյակներ շարունակ ընթանում է մի տարածաշրջանում, որը կանադացիներից քչերը կարող են գտնել աշխարհի քարտեզի վրա, ստիպեց Օտտավային ընտրություն կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև: Այս մասին Toronto Sun թերթի համար գրված հոդվածում գրում է պակիստանցի-կանադացի գրող, լրագրող Թարեք Ֆաթաղը։

Ինչպես գրում է հոդվածագիրը, «Հայաստանը միակ քրիստոնյա երկիրն է Մերձավոր Արևելքում և հաշվի առնելով իսլամական երկրներում ոչ մահմեդականների կամ մահմեդական փոքրամասնությունների ճակատագիրը, Արցախի ժողովրդին չի կարելի մեղադրել նրա համար, որ հրաժարվել են ապրել մահմեդական Ադրբեջանի հետ»։

«Երկու կողմերի միջև բախումները վերաճել են ցամաքային և օդային պատերազմի, և բոլոր խոշոր պետությունները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը, բացառությամբ Թուրքիայի, որը իր տարածքով Սիրիայից և Պակիստանից ջիհադիստ գրոհայինների է ուղարկում Արցախ՝ միանալու ադրբեջանա-թուրքական բանակին»,- գրում է Ֆաթաղը։

Լրագրողի խոսքով՝ դա Օտտավային ստիպեց գործել և ժամեր անց Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը կասեցրել է Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման բոլոր թույլտվությունները, ինչին ի պատասխան Թուրքիան հայտարարել է, որ «ոչ մի բացատրություն չի կարող լինել ՆԱՏՕ-ի դաշնակից պետությանը պաշտպանական տեխնիկայի արտահանման արգելափակման վերաբերյալ»։

«ՆԱՏՕ-ի դաշնակի՞ց: Մի երկիր, որը «Իսլամական պետության» ջիհադականների, «Մահմեդական եղբայրների» ուղեկցորդն է, որը փախստականներին տեղավորում է իր երկրում, որպեսզի սպառնա Եվրոպային և Հունաստանին, շրջափակում է Կիպրոսը և պատերազմ հրահրում Լիբիայում, ՆԱՏՕ-ի դաշնակիցը չէ»,- ընդգծում է հոդվածագիրը՝ նշելով, որ եկել է ժամանակը, որպեսզի Կանադան հանդես գա Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչով։