Ադրբեջանաթուրքական ահաբեկչական դաշինքն Իրանում իրավիճակի ապագա ապակայունացմանն ուղղված ակտիվ քայլեր է ձեռնարկում: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Սա արտահայտվում է մի քանի ուղղությամբ: Դաշինքի հիմնական նպատակներից մեկը ռազմավարական նշանակության օբյեկտի` Արաքս գետի վրա գտնվող ջրամբարը վերահսկողության տակ վերցնելն է, որը կառուցվել է իրանական կողմի օգնությամբ: Այն հիմնականում օգտագործվում էր Իրանի կարիքների համար: Ջրային ռեսուրսների նվազման բացասական դինամիկա  կա Իրանի հյուսիսային շրջաններում: Այժմ ադրբեջանաթուրքական ահաբեկչական դաշինքը նպատակ ունի զրկել Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող ջրի այս աղբյուրից: Նրանք չեն կարող ճեղքել առաջնագիծը, բայց մենք գիտենք, որ դա հիմնական նպատակներից մեկն է` հետագայում Իրանի, դրա տնտեսության եւ էկոլոգիայի վրա ազդելու համար: Ինչը, իր հերթին, լրջագույն սոցիալական ցնցումների կհանգեցնի այդ երկրում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Մեկ այլ ուղղությունն այն է, որ Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից, Իրաքից տարածաշրջան տեղափոխված շատ զինյալներ տեղակայված են Իրանի հետ սահմանին: Ընդ որում` տարբեր հատվածներում: «Չի բացառվում, որ այդ զինյալներին Իրանի տարածք ներթափանցելու լուրջ փորձեր լինեն: Ինչպես դա եղավ Հյուսիսային Կովկասի դեպքում. բառացիորեն նախօրեին հայտնի դարձավ զինյալների` Չեչնիա ներթափանցման մասին: Բացի այդ, չի բացառվում, որ ադրբեջանական կողմը թուրքերի ու ահաբեկիչների հետ միասին կփորձի թունավորել Իրանի ջրային ռեսուրսները»,- եզրափակեց Արցախի նախագահի խորհրդականը:

Leave a Reply