Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարել մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամը տեղեկացրել է, որ ամբողջ աշխարհում ծավալած գործունեության միջոցով ականատես են եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մարդկության կապերը անցյալի հետ:

Հիմնադրամը կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով մասնակի վնասվել է համալիրը, վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Leave a Reply