Ըստ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի, խաղաղության ամենակարճ ճանապարհը երկարատև պատերազմն է։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Հարությունյանն ընդգծեց՝ այս պատերազմը երկարատև է, որպեսզի այն շուտ ավարտվի, հայկական կողմը պետք է պատրաստվի երկարատև պատերազմի։

«Ինչի կհասնեն գործողությունները միջազգային, թե՝ այլ, ես չեմ ուզում կանխատեսել, ժամկետները չասեմ, բայց որպեսզի դա շուտ ավարտվի, մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի, դա է ամենակարճ ճանապարհը խաղաղության», — ասաց Հարությունյանը։

Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի միջամտում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե Հայաստանի տարածքի վրա ինչ-որ հարձակում լինի, ապա այդ դեպքում Ռուսաստանը կկատարի պայմանագրային իր պարտավորությունները, բայց առայժմ միջամտության մասին որևէ հայտարարություն չկա, Հարությունյանը պատասխանեց․ — «Եկեք մենք ճշգրիտ գնահատենք իրավիճակը՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հաշվառել էին, որ Ռուսաստանը, նույնիսկ, եթե Հայաստանի վրա հարձակում լինի, չի միջամտի, նույնիսկ իրենց բաց մամուլում այդպիսի մտքեր էին հնչում, և Պուտինի հայտարարությունն ուղղված էր դա կանխելուն, երբ որ ինքն ասեց, որ Ռուսաստանն անպայման կկատարի իր պարտավորությունները կապված Հայաստանի հետ, որովհետև Ղարաբաղի մասով Ռուսաստանը հանդես է գալիս նույն կարգավիճակով, ինչ-որ հանդես են գալիս Ֆրանսիան, Ամերիկան՝ համանախագահները։ Ինքը երաշխավորեց Հայաստանի անվտանգությունը»։

Պաշտպանության նախկին նախարարը նաև ընդգծեց՝ Ռուսաստանը գործում է նաև համանախագահների հետ միասին՝ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կանգնեցնելու պատերազմը։

«Սկզբից Լավրովը փորձ արեց և Մոսկվայում ամսի 10-ին ստորագրվեց հրադադար հաստատելու մասին փաստաթուղթը, դրանից հետո տեսնելով, որ դա բավարար չէ և Ադրբեջանը խախտում է՝ հակամարտության գոտում չկա զինադադար, նաև համանախագահները հայտարարություն արեցին և երկրորդ անգամ եկան համաձայնության՝ զինադադարի մասին, բայց Ադրբեջանը կոպիտ խախտում է դա և շարունակում է իրականացնել ագրեսիա, այստեղ նորից պատասխանը գտնվում է այնտեղ, թե ինչո՞ւ է դա այդպես տեղի ունենում, որովհետև այսօր Թուրքիայի շահերից չի բխում, Թուրքիան լուծում է խնդիրներ, առաջինը՝ դուրս գալ Մեղրիի շրջանի սահմանին, երկրորդը՝ կտրել Ղարաբաղը Իրանից, երրորդ խնդիրը՝ բարձրացնել դերը Հարավային Կովկասում։ Եվ ինքն այդ խնդիրներն է լուծում», — ընդգծեց Հարությունյանը։

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով այստեղ