
Այսպես թե այնպես, գիտակցաբար կամ պատահականորեն, կա մի իրողություն, որը մենք պետք է ընդգծենք. Սուլթան Թայիփ Էրդողանը յուրաքանչյուր հարյուր տարին մեկ քայլ առ քայլ քայլում է սեփական պատմության արյունոտ հետքի վրայով …
Էրդողանի գլխավորած Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին ունեցած անմիջական միջամտությունը շատ ապացույցներ ունի։ Նա շարունակում է դա ապացուցել իր ռազմական կադրերի, F-16-երի և ԱԹՍ-ների, ուղղակի օդային հսկողության, Սիրիայից տեղափոխած ջիհադիստների ներկայությամբ և իր՝ ամեն օր հեռաևձակվող անթաքույց հաղորդագրություններով։ Բայց կա նաև մի շատ հետաքրքիր հակասություն, որն արտահայտվում է այս պատերազմի մեկնարկային օրով։ Այն հնարավորություն է տալիս ընկալել՝ որպես Էրդողանի գիտակցված ընտրություն պատերազմի ժամանակի վերաբերյալ, և կարդալ այն որպես ծածկագիր:
Այս պատերազմի մեկնարկային օրը համընկնում է նախորդ Թուրանյան արշավանքի 100-րդ տարելիցի օրվա հետ։ 1920-ի սեպտեմբերի 28-ին Անկարայի կառավարության հրամանատարությամբ Արևելյան ճակատի բանակը սկսեց Հայաստանի դեմ արշավանքը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Անկարայի գաղտնի հրամանատարությամբ, ադրբեջանական բանակը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ:
Թուրքիայում այս տարվա ներքին և արտաքին քաղաքական թեժ թեմաներից մեկը կրկին Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելն էր: Էրդողանը դրա համար ընտրել էր հուլիսի 24-ը: Այդ ուրբաթը, որը համընկավ 1923 թ.-ի Լոզանի պայմանագրի տարեդարձի հետ, միանգամայն համահունչ էր այս քայլին: Այսպիսով, շուրջ հարյուր տարի շարունակվող աշխարհիկ-իսլամիստ մենամարտում կհայտարարվի վերջինի հաղթանակը, Թուրքիային իսլամիստական առանցքից հեռացնող այդ պայմանագիրը և կայացման գործընթացը կանցնի ռեվանշի, իսկ մեկ քայլ հետո կավետվի նեոօսմանիզմի՝ ավելի անսանձ ընթացքով ընդլայնվող քաղաքականությունը, որը նպատակ ուներ նաև վերակենդանացնելու խալիֆայությունը:
Շատ մեկնաբաններ, ովքեր ուշադրություն են հրավիրել իրադարձության այս բնույթի վրա, նշում են, որ դրա համար ընտրված օրը շատ իմաստալից էր, և ոչ ոք չէր կասկածում, որ Էրդողանը դա արել է գիտակցաբար:
Եկեք մի փոքր hետ գնանք: Անցյալ տարի ՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին, թուրքական բանակը ներխուժման գործողություն սկսեց Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Դեմոկրատակամ Միության վերահսկողության տակ գտնվող փաստացի ինքնավար Ռոժավա շրջանի դեմ: Հետաքրքիր է, որ այս ամսաթիվը համընկավ քրդական խնդրի հետ կապված շատ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձության տարեդարձի հետ: 1998 թվականի հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ներկայացրած վերջնագրի արդյունքում Քուրդիստանի Բանվորական Կուսակցության՝ PKK- ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը դուրս բերվեց Սիրիայից և հանձնվեց Թուրքիային: Պատահականություն չէր կարող լինել, որ նրանք փորձեցին գրավել Ռոժավան հենց նման իրադարձություն կատարված օրվա տարեդարձի օրը:
Եկեք հետ գնանք ևս մեկ տարի: Էրդողանը նախ սկսեց գրավել հյուսիսային Սիրիան արեւմտյան հատվածից, իսկ 2018-ի հունվարի 20-ին սկսեց Աֆրինի արշավանքը: Սա համընկավ մոտավորապես հարյուր տարի առաջվա մեկ այլ զարգացման հետ: Ինչպես Աֆրինի գրոհը հնարավոր եղավ այն ժամանակ տարածքը վերահսկող Ռուսաստանի կանաչ լույսի ներքո, այնպես էլ 1918-ի փետրվարին Երզնկայից սկսված և Գյումրի հասած թուրքերի հարձակումը հնարավոր դարձավ՝ ռուսական բանակի ռազմաճակատից դուրսբերմամբ:
Կրկին վերադառնանք այս օրերը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի կիրակի առավոտյան Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը համընկնում է 1920-ի սեպտեմբերի 28-ին Հայաստանի դեմ պատերազմի հարյուրամյակի հետ: Թերեւս, մինչ Էրդողանը ցանկանում էր, որ այս հարձակումը սկսվի սեպտեմբերի 28-ին, պլանավորող անձնակազմը նախընտրեց կիրակի առավոտը:
Էրդողանը, որը սովորություն ունի շատ կարևոր ռազմավարական քայլեր կատարել որոշակի խորհրդանշական օրերին համընկնող ժամանակ, Կովկասում նոր պատերազմ սկսելու նախապատրաստություն է տեսնում, և հնարավոր է, իր խորհրդականների միջոցով սկսել է խորհրդանշական օրվա որոնումը:
Արևելյան Հայաստանը, որին նրանք չկարողացան նվաճել և հասնել մեկ դար առաջ, այժմ էլ ևս մի անգամ փորձում են նվաճել՝ գործի դնելով Ադրբեջանը: Մենք սա կարող ենք որակել որպես Թուրանական նվաճման և ընդլայնման վերջին փորձ:
Թուրքիան ներգրավված է պատերազմի մեջ `ակնհայտ ապացույցների առկայությամբ, և Հայաստանի վարչապետ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ սա վերադարձ է մեկ դար առաջ տիրող օկուպացիոն քաղաքականությանը, և որ դա ներուժ ունի շարունակելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը:
Սա մոլորություն կամ անհիմն սպառնալիքի ընկալում չէ: Ընդհանուր առմամբ ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ զոհվեց Կարս, Արդահան, Գյումրի քաղաքներում և գյուղական բնակավայրերում, որոնք գրավվեցին թուրքական բանակի կողմից մեկ դար առաջ՝ Քազըմ Կարաբեքիրի հրամանատարությամբ ստանձնած երկամսյա օկուպացիոն գործողության ընթացքում:
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ռուսաստանին միացված լինելու պատճառով այդ տարածաշրջանի հայ ժողովուրդը չենթարկվեց 1915 թ. ցեղասպանությանը, ցեղասպանության ենթարկվեց 1920-ի օկուպացիայի ժամանակ: Խորհրդային Ռուսաստանից օգնություն ստանալու նպատակով կեղծ կարմիրի կերպարանափոխված քեմալականները այս հարձակման մեջ թիրախավորել էին ամբողջ Արևելյան Հայաստանը, ոչպեսզի այն գրավեին և միավորվեին Ադրբեջանին: Այնուամենայնիվ, երբ 1920-ի նոյեմբերի վերջին Կարմիր բանակի միջամտությամբ Հայաստանը խորհրդայնացավ, նրանք այլևս չէին կարող առաջ գնալ և ստիպված էին լքել Գյումրին, որը գրավել էին ամենավերջում։
Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները ինչպես Պոնտոսում, Կիլիկիայում, Իզմիրում, այպես էլ Արևելյան Հայաստանին պատկանող այս շրջանում կարողացան քրիստոնյա ժողովրդի դեմ իրականացնել ցեղասպանություն և դառնալ ազգային պետություն ՝ 99% մահմեդական բնակչությամբ:
Հասկանալի է, որ Էրդողանը, որը Մերձավոր Արևելքում իր բազմակողմանի ընդլայնման քաղաքականությունից բացի, ութոտնուկի իր շոշափուկները տարածել է դեպի Կովկաս, սպառնալով Հայաստանին, որը խոչընդոտ է այդ ընդլայնմանը՝ արևելքում: Ադրբեջանի հետ նրանց վերջին պատերազմը թիրախավորել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը:
Իրականությունն այն է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը, որը չի կարողանում հասնել իր ցանկալի նպատակին, պատերազմը փաստացի խախտումներով և սադրանքներով շարունակելու օգտին ուղերձներ է տալիս, չնայած՝ պատերազմի սկսվելուց երկու շաբաթ անց վերջապես Ռուսաստանի միջամտությանը և հայտարարված զինադադարին։ Եթե նրանք շարունակեն պատերազմել, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը այլ ելք չունեն, քան կռվելը:
Խաղաղությունը մի բան չէ, որ կարող է տեղի ունենալ միակողմանի կամքով: Դիվանագիտությունը, որը պարտադրում է Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին, դատապարտված է այնպես, ինչպես դատապարտված էր անցյալում: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը ճանաչելով և ընդունելով կապը Հայաստանի հետ հնարավոր կլինի ընդունել Ադրբեջանի՝ այլ տարածքների վերադարձնելու մասին որևէ որոշում: Փոխադարձ զիջումների միջոցով լուծումը, իրոք, նման մոտեցումից բացի այլ իրականացման հնարավորություն չունի: