Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը:

Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թվականի հունիսին ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը,նրա մեջ ներառելով ՀՀ,Արցախի և Արևմտյան Հայաստանի զինյալներին:

Զինվորների համար Լեոնիդը հեղինակություն էր և յուրօրինակ հրամանատար, ով միշտ կանգնած էր իր ջոկատի կողքին ու ոգևորում էր տղաներին: Նրա համար ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է, որից ավելի մեծ արժեք երկիրը չունի:

«Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի», — ասում էր Ազգալդյանը:

Նրա ստեղծած 300 հոգանոց ջոկատը, որ ամենօրյա ֆիզիկական ու մարտավարական մարզումներ էր կատարում, ի սկզբանե աչքի էր ընկնում գիտակցական կարգապահությամբ. այսինքն` զինվորը ինքը հասկանում էր իր կարգապահ լինելու կարեւորությունը:

«Սխալ են ասում, երբ ասում են հողը արյունով են պահում. հողը սիրելով են պահում», — ասում էր Ազդալդյանը: «Երբ երիտասարդ տղաներ են գալիս ու ասում, որ եկել են Արցախի համար զոհվելու, ես նրանց չեմ ընդունում, մեզ պետք են Արցախի համար կռվողներ ու հաղթողներ… Այս տարածքները, որ մենք ազատագրում ենք էլ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք, կամ կարող ենք պատկերացնել, ցանկացած ազգ, որ հող կհանձնի` դատապարտված է կործանման»…

Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Այդ ընթացքում վեց մարդ է միայն զոհվել, յոթերորդն ինքն էր: Մահվանից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը՝ Վլադիմիր Բալայանը: Այդ օրը ջոկատի տղաները հրամանատարի աչքերում առաջին անգամ արցունքներ տեսան: Բալայանի մահվան լուրն առնելով՝ Ազգալդյանն ասել էր՝ գնալու է միանալու Վլադիմիրին՝ հավանաբար կանխազգալով, որ հաջորդ թիրախն ինքն է:

Լեոնիդը զոհվեց 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ:

Նրա մարմինն ամփոփված է Երևանի Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախի գերեզմանոց)` իր հոր և մոր կողքին:

Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հերոս բարձրագույն շքանշանով,ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Leave a Reply