Դեկտեմբերի 11-ին Արևմտյան Հայաստանի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ գործողությունների ընթացքում վիրավորված թուրք զինծառայողը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ քուրդ զինյալները ինքնաշեն պայթուցիկ սարք են պայթեցրել, երբ Թուրքական ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի զինծառայողները Գաբար լեռան շրջանում գործողություններ են իրականացրել։ Վիրավորված ժանդարմը տեղափոփոխվել է Շրնաքի հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է։

Թուրք ուժայինները շարունակում են քուրդ զինյալների դեմ գործողությունները ինչպես Շրնաք նահանգում, այնպես էլ մի շարք այլ նահանգներում։

Թուրքական ԶՈւ ԳՇ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 1-7-ը ուժայինները «վնասազերծել են» PKK-ի 20 զինյալի։ Նշված ժամանակահատվածում թուրքական կողմի կորուստների մասին տվյալներ չեն փոխանցվում։

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից։ Երկու տարուց ավել շարունակվող բախումներում երկու կողմերն էլ ունեն մեծաթիվ մարդկային և նյութական կորուստներ։ Բախումները առավել ակտիվ են եղել 2015-ի ամառ – 2016-ի ձմեռ ժամանակահատվածում, երբ քրդերն առավել ուժեղ դիմադրություն են ցույց տալիս։

Հիշեցնենք, որ 1917թ. Դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքա-Հայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքա-Հայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

Իսկ 1920թ. Հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure)  ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: