Real Tribune լրատվական գործակալության լրագրող Ալինա Սերյոգինան հոդված է հրապարակել Դադիվանք վանական համալիրի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է տարածքը երկար ժամանակ արոտավայր ծառայել անասունների համար, և միայն տաճարի՝ Արցախի վերահսկողության տակ անցնելու ժամանակ է, որ միանգամայն վերականգնվել է վերջինիս երբեմնի վեհությունը:

Ստորև ներկայացնում ենք գործակալության անդրադարձը.

«Ստացվել է այնպես, որ ես արդեն մի քանի տարի ապրում եմ Հայաստանում, բայց Արցախում երբեք չեմ եղել: Եվ ցավալի է գիտակցել, որ միայն պատերազմն է ինձ դրդել ճանապարհորդել: Ընդամենը մի քանի օր էր մնացել, մինչ Արցախի հողերի մեծ մասը պետք է փոխանցվեին Ադրբեջանին: Հետո իմացա հինավուրց հայկական վանքի՝ Դադիվանքի գոյության մասին: Հետաքրքիր է, որ առաջին քարը՝ վանքի ապագա հիմքը, կանգնեցվել է մեր թվարկության առաջին դարում՝ Հիսուս Քրիստոսի աշակերտի՝ սուրբ Դադիի գերեզմանին:

Զաքարյան տոհմի արքայադուստրերից մեկը՝ Արզու-Խաթունը, 1240 թվականին վանքին նվիրել է երկու խաչքար: Սրանք մի տեսակ եզակի խաչքարեր էին, որոնց նմանները աշխարհում գոյություն չունեն: Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռը՝ Սուրբ Էջմիածինը, անվտանգության նկատառումներից ելնելով, վերցրել է Դադիվանքի տարածքից արքայադստեր նվիրած խաչքարերը:

Ճարտարապետական համալիրը գտնվում է 1100 մ բարձրության վրա, անտառապատ լեռան հարավային լանջին՝ Թարթառ գետի ափերից ոչ հեռու: 13-րդ դարի առաջին կեսին վանքը ավերվել է սելջուկների կողմից, բայց կարճ ժամանակ վերականգնվել է: Այնուհետև, Դադիվանքը դարձել է եպիսկոպոսական նստավայր. վանքի տարածքում տեղակայվել են գյուղեր և կալվածքներ: Վանքի հողն ու հարակից տարածքը ծաղկում են ապրել, որն էլ հանգեցրել է կրկնակի հարձակումների և ավերածությունների: Դադիվանքը երկար ժամանակ դատարկ է եղել, տարածքը արոտավայր է ծառայել անասունների համար, և միայն այն բանից հետո, երբ շրջանն անցել է Արցախի վերահսկողության տակ, համալիրն աստիճանաբար սկսել է վերականգնել իր երբեմնի վեհությունը:

Խորհրդային իշխանության հաստատմամբ վանական ողջ ունեցվածքն ազգայնացվել է, և Դադիվանքը փոխանցվել է Ադրբեջանի իշխանության ենթակայությանն ու կրկին դատարկվել: 1994 թվականից ի վեր համալիրը վերածվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վանքի:

Այս տարվա դեկտեմբերին Դադիվանքում անցկացվեց քրիստոնեական երկրպագության արարողություն ուդիների՝ այն ժողովուրդներից մեկի կողմից, որոնք ժամանակին ապրել են Կովկասյան Ալբանիայում: Այս առնչությամբ պատմական գիտությունների թեկնածու Հայկ Հակոբյանը պնդում է, որ դրանք Ադրբեջանի «ցուցադրական ներկայացումներ» են՝  աշխարհին ապացուցելու իր կրոնական հանդուրժողականությունը: Ինչ վերաբերում է հենց իրենց՝ ուդիներին, ապա այս դեպքում նրանք պարզապես բռնապետի կամքն իրականացնող պատանդներ են: Ուդիները տարածաշրջանի հնագույն, բայց այժմ փոքրաթիվ ժողովուրդներից են, որոնց մի մասը բնակվում է Ադրբեջանի տարածքում, և հասկանալի է նրանց պատրաստակամությունը կատարել Ադրբեջանի իշխանությունների պատվերը և դրանով իսկ պաշտպանվել: Բացի այդ՝ Ադրբեջանի իշխանությունների՝ Դադիվանքը որպես ուդիներին պատկանող քրիստոնեական մշակույթի հուշարձան ներկայացնելու ցանկությունից զատ, մեծ հավանականություն կա նաև, որ այս ամենից շատ գոհ են գուցե նաև հենց իրենք` ադրբեջանցի ուդիները:

Ես հավատապաշտ չեմ, բայց ինձ խենթանալու աստիճան գրավում են հին տաճարները, հին գրքերը և այն ամենը, ինչ կապված է պատմության հետ: Ես որոշեցի, որ ինձ հարկավոր է պարզապես առաջինը, և հուսով եմ`ոչ վերջին անգամն է, որ կգնամ ինձ համար այս անհայտ տեղը:

Քարվաճառի շրջանի ճանապարհը կտրուկ էր, որի պատճառով ճանապարհորդներից շատերը գլխապտույտներ ունեցան: Մի աղջիկ նույնիսկ ստիպված էր ավտոբուսից իջնել՝ մաքուր օդ շնչելու: Նա քայլեց մի քանի մետր, երբ հանկարծ վարորդը վախեցած սկսեց բղավել նրա վրա. «Կանգնի՛ր, կանգնիր: Մի գնա ավելի հեռու, այնտեղ վտանգավոր է»: Սկզբում ես չէի հասկանում, թե ինչու է նա այդքան անհանգստանում: Շուրջբոլորը սպիտակ մշուշի մեջ էր: Մարգարտյա մշուշը պարուրել էր այն ամենը, ինչը նախկինում տեսանելի էր աչքին: Բայց ես հասցրեցի աղջկանից բառացիորեն երկու մետր հեռավորության վրա տեսնել մի լայն անցք: Նման փոսեր ես նախկինում տեսել էի պատերազմի մասին պատմող ֆիլմերում: Եվ դա պարզապես անցք չէր, այն ականի հսկայական հետք էր: Ականազերծումը դեռ չի կատարվել, հետևաբար ցանկացած սխալ քայլ կարող է ճակատագրական լինել:

Մենք անցնում էինք դատարկ գյուղերի, առանց պատուհանների ևնտանիքների տների կողքով: Յուրաքանչյուր շենք, յուրաքանչյուր շինություն այրվել էր նախորդ տերերի կողմից: Հայերը չէին ցանկանում, որ ադրբեջանցիներն իրենց տեղում ապրեին, ուստի քանդել են դրանք: Ճանապարհին մենք հանդիպեցինք մոլորված հորթի, որն էլ երբեք տուն չի վերադառնա, իսկ գյուղերի բոլոր շները վանքի մոտ էին իրենց համար տեղ գտել: Նրանք խաղաղ պառկում էին իրենց ոհմակի հետ՝ ռուսական տանկերի մոտ: Ռուս խաղաղապահները հսկում էին վանքը: Դադիվանքի մուտքի մոտ քամուց ծածանվում էր Ռուսաստանի դրոշը:

Երբ Մայր տաճարում սկսվեց պատարագը, փողոցում գրեթե մարդ չմնաց: Միայն մեկ հայ զինվոր մեծ ու տխուր աչքերով նայում էր եկեղեցու քարերի վրա փորագրված հնագույն արձանագրություններին: Հանգցնելով ծխախոտը՝ նա ելքի մոտ ասաց. «Մնացել է ընդամենը երեք օր»:

Վանք գնացի ոչ թե միայնակ, այլ ընկերներիս հետ: Եվ մենք որոշեցինք Դադիվանքն այլ տեսանկյունից զննել: Քայլեցինք ժայռի եզրից դեպի վանական համալիր և գտանք հնագույն շինությունների շարունակությունը, որոնց մասին ուղեցույցում ոչ մի բառ չկար: Այնտեղ վտանգավոր էր, ուստի ոչ ոք չէր խոսում վանքի այս հատվածի մասին: Բայց մենք գնացինք այնտեղ: Ես և աղջիկները հայտնաբերեցինք կլոր սենյակներ`քարերի վրա հայկական փորագրություններով, գաղտնի խարխուլ միջանցքներ և նույնիսկ լավաշ պատրաստելու համար նախատեսված խոհանոցային թոնիր: Պատերի ներսում դարակներ էին շարված, և նրանց վրա ճեղքված խեցեղեն էր դրված: Իսկ կամարակապ պատուհաններից անհավանական տեսարան էր բացվում դեպի ժայռերը, լեռների անտառապատ լանջերը: Մառախուղի կաթնային մշուշը լցնում էր ծառերի և եղևնիների միջև եղած յուրաքանչյուր ճեղքը: Մոխրագույն ամպերը նրբորեն պատել են լեռների գագաթները: Եղանակը լռությամբ վիշտ է ներշնչել` հիացմունք համով:

Այս վայրից որպես հիշողություն, ես վերցրի մի անհայտ բույսի կարմիր ճյուղ: Ինձ համար կարևոր է գիտակցել, որ սա այն ճյուղն է, որն աճել է սուրբ հողի վրա: Ես չորացրեցի այն, որպեսզի հավերժ հիշեմ այս վայրի հետ կապված ամեն ինչ: Վերջին բանը, որ ես տեսա, երբ մեկնում էի, միակ սպիտակ աղավնին էր, որը թռչում էր Դադիվանքի վրայով: Ինչպես գիտենք, աղավնին հույսի խորհրդանիշ է»: