Ավարտվել է Կոնիա Աքշեհիր գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգումը։ Եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2017 թվականին։  Սակայն թուրքական իշխանությունները որոշել են տվյալ շրջանում ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Երրորդութունը վերածել մշակութային կենտրոնի։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի թղթակից Ֆերդա Բալանջարը։

Աղբյուրի համաձայն, Աքշեհիրի գավառապետարանի որոշմամբ, սույն հայկական եկեղեցին դառնալու է «Աշխարհի երգիծանքի վարպետների արվեստի տուն»։ 

Աղբյուրը նաև հաղորդում է, որ ըստ Ռայմոնդ Գևորգյանի «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից առաջ» մենագրության մեջ հրապարակված տվյալների Աքշեհիր գավառում, նախքան Հայերի դեմ ցեղասպանությունը, 4․950 հայ էր ապրում։ 1859 թ․ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցու հետ մեկտեղ սույն գավառում առկա էին 4 հայկական կրթական հաստատություններ, որոնց շարքում Սուրբ Ստեփանոսի անվան վարժարանն իր բարձր մասնագիտական որակի շնորհիվ հայտնի էր դարձել։