Խեթական կայսրությունը Հին Աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկն էր։ Այստեղ ի հայտ եկավ առաջին սահմանադրությունը, խեթերն առաջինը կիրառեցին մարտակառքերը և պաշտում էին երկգլխանի արծվին։

Աշխարհակալ թագավորություն

Խեթական պետությունը ամենազորեղ թագավորությունն էր Հին Աշխարհում, այն ձգվում էր Արևմտյան Հայաստանից մինչև Արևելք դեպի Էգեյան ծով և Սև ծովից դեպի հյուսիս, գրեթե մինչև Լիբանան։

Խեթական կայսրությունը կուլ տվեց Միտանիի թագավորությունը, իշխեց Հյուսիսային Սիրիային, գաղութացրեց Փոքր Ասիայի ծայրամասերը և մրցակցում էր նույն Եգիպտոսի հետ։

Խեթերի գաղութարար և զավթողական քաղաքականությունը բնորոշ էր այն բանով, որ նրանք ձգտում էին լուծել տարածքային հակամարտություններ ոչ միայն ռազմական հաղթանակների հաշվին, այլև դիվանագիտության շնորհիվ։ Հենց համաձայնագրերի կնքման շնորհիվ հարևան երկրների վերնախավերի հետ, կայսրությանը միացվեցին Ալալախը և Խալպան, Թարխունտասան և Կարքեմիշը։

Գերմանացի պատմաբան Ֆրանկ Շտարկեն խեթերի մասին գրել է․ «Եթե խաղաղության  որևէ տեսակի պահանջները չէին օգնում, խեթական թագավորը զգուշացնում էր իր հակառակորդին.  «Աստվածները կդառնան իմ կողմը և հարցը կլուծեն իմ օգտին»։

Խեթերը նվաճված հողերից մեծ տուրք չէին պահանջում, անգամ հաճախ նախկին առաջնորդին կից տարածքները թողնում  էին նրա տիրապետության տակ, բայց այնուամենայնիվ, նրան զրկելով անկախ քաղաքականություն վարելու իրավունքից:

Խեթական կայսրության ամենաուժեղ հակառակորդն էր Եգիպտոսը։ Մ․թ․ա․ 1275թ․ սիրիական Քադեշ քաղաքից ոչ այնքան հեռու տեղի ունեցավ Ռամզես II-ի և Մուվատալի II-ի զորքերի բախումը։ Այս ճակատամարտն աշխարհում առաջինն էր, որ արձանագրվել է երկու հակառակորդների կողմից էլ: Սա Բրոնզե դարի վերջին ճակատամարտն էր, իսկ խեթերն արդեն կիրառում էին երկաթե զենքեր։

Երկար ճակատամարտը ոչ մեկին հաղթանակ չբերեց։ Մուվատալին եգիպտացի փարավոնին հաշտության կանչեց:  Ռամզեսը համաձայնվեց։ Խեթական աղբյուրները գրում են, որ արդյունքում հաղթեցին խեթերը, եգիպտացիներն էլ իրենց են վերագրում այդ հաղթանակը։

Խեթերը գրավեցին Արծավան, Ախիյավան, Միսան, Վիլուսուն և այլ երկրներ։

Բայց ապստամբները ոտքի ելան և Էգեյան ծովի կղզիներում ապրող ժողովուրդների հետ հակախեթական կոալիցիա կազմեցին։ Մ․թ․ա․ 1200-1190թթ-երի ընթացքում նրանք հասան մինչև մայրաքաղաք Խաթթուսաս։ Քաղաքը գրավվեց հեղաշրջման միջոցով։

Առաջին սահմանադրությունը

Խեթերը շատ լուրջ էին վերաբերվում իրավական հարցերին, քանի որ գտնում էին, որ համաձայնագրերը կազմվում էին ոչ միայն մարդկանց, այլև աստվածների առաջ։ Օրենքի խախտումը հավասարվում էր աստվածներին վիրավորելու հետ։ Խեթական օրենքները սրբություն էին, դրանք կախում էին երկաթե, ոսկե, արծաթե ցուցանակների վրա և պահվում էին տաճարներում։

Պալատ էր տարվում միայն կավե կրկնօրինակը, որոնց շնորհիվ այսօր կարող ենք գնահատել խեթերի իրավական համակարգը:

Խեթական օրենքներում շատ հետաքրքիր կետեր կային: Այսպես, զավթված հողի առաջնորդը «խեթերի երկրի հետ» պայմանագիր էր կնքում: Հենց երկրի, այլ ոչ թե թագավորի: Նրանք գտնում էին, որ թագավորը չի կառավարում երկիրը, այլ ծառայում է երկրի համար: Դրանում էր կայանում Խեթական կայսրության նշանակալի տարբերությունը, հնագույն աշխարհի արևելյան երկրներից:

Աշխարհում մեզ հայտնի առաջին սահմանադրությունը կազմվել է խեթերի կողմից: Եղել է Տելեպինոս արքայի հրամանով (մ.թ.ա. 1500 թ.), ով բարեփոխեց երկրում իշխանության ղեկը հանձնելու համակարգը և նկարագրեց գործող ղեկավարող մարմինների գործունեությունը՝ հստակ սահմանափակելով նրանց պարտականությունները: Արքան երկրի միավորման խորհրդանիշն էր: Մեծերի խորհուրդը՝  նախարարների և հրամանատարների խորհուրդն էր, զինվորական խորհրդի մեջ էին մտնում բարձրստիճան պաշտոնյաներ և զինվորականներ:

Այս խորհուրդը կարելի է նաև կոչել առաջին սահմանադրական դատարանը, որը վիճելի դեպքերում որոշում էր գահաժառանգի հարցը և հանցագործներին պատիժ ընտրելիս ձայնի իրավունք ուներ:

Իր աշխատելավոճով այս խորհուրդը նման էր հին գերմանական խորհրդին: Այն իրավունքների սահմանափակումները, որը հաստատել էր Տելեպինոս արքան, Խեթական կայսրությունում պահպանվեցին երեք դար, մինչև թագավորության անկումը:

Առանց թվագրության

Խեթական կայսրության լուրջ ուսումնասիրություններն սկսվեցին XX դարում: 1906թ. Բողազկյոյի արխիվը բացահայտեց  խեթական արքաների ցանկը, 1915-1916թթ. չեխ լեզվաբան Բեդրժիխ Հրոզնին վերծանեց  խեթական գրերը:

Պատմբանների խնդիրն այն էր, որ խեթերը երբեք չէին հայտնում հստակ տարեթվեր: Նրանց արքաների քաջագործությունների մասին շատ գրվածքներում տեսնում ենք «հաջորդ տարի» արտահայտությունը, բայց արձանագրության տարեթիվը հայտնի չէ: Խեթերը չեն ժամանակագրել իրենց պատմությունը կոնկրետ պահից և չեն նշել արքաների կառավարման ժամկետները: Խեթական կայսրության ժամանակագրության մասին տեղեկանում ենք նրա հարևաններից:

Կրոնը

Խեթերի կրոնը տեղական և պետական կուռքերի խառնուրդ էր: Գերագույնը՝ ամպրոպի աստվածն էր՝ Թեշիբը: Նրան պատկերում էին կայծակով, կացինը ձեռքին՝ մեծանիվ կառքով լծված ցուլերով:

Խեթական աստվածների պանթեոնը հսկայական էր և կարող էր փոխվել կախված այս կամ այն կուռքի գերակայությունից: Խեթերը պաշտել են նաև կենդանիներին: Մեզ քաջ հայտնի երկգլխանի առյուծը գալիս է հենց խեթերից: Երկրպագությունն իրականացնում էին ինչպես բաց երկնքի տակ, այնպես էլ տաճարներում: Խեթական շրջանի տաճարի կիկլոպյան շարվածք է հայտնբերվել Խաթթուսասում:

Լեզուն

Խեթական թագավորությունում տարածված էր ութ լեզու: Արքաները պաշտոնական արարողությունների ժամանակ խոսում էին խեթերեն և աքքադերեն, հուրիերեն սովորաբար գրվում էին արձանագրությունները: Բառարանները, որոնցից օգտվում էին գրչակները, կազմված էին հիմնականում շումերական նշաններից:

1915-ին Հրոզնին ապացուցեց խեթերենի և լուվիերենի հնդեվրոպական ծագումը: Հետագա ուսումնասիրությունները պարզեցին, որ այդ լեզուներից ծագել են լիդիերենը, կարերենը և Փոքր  Ասիայի մի շարք այլ լեզուներ մ.թ.ա. I դարում:

Ո՞ւր անհետացան խեթերը

Հարց է ծագում՝ ուր անհետացան խեթերը: Իոհան Լեմանն իր «Խեթերը. Հազարավոր աստվածների ժողովուրդը» գրքի մեջ առաջ է քաշում մի տարբերակ, որ խեթերը արտագաղթել են հյուսիս, որտեղ ձուլվել են գերմանական ցեղերի հետ: Նա գրում է. «Համեմատելով գերմանացիների հետ՝ խեթերը չափազանց բարեկիրթ են և հաշվենկատ… և որ ամենազարմանալին է և ընդունված է միայն հռոմեացիների մոտ, ըստ նրանց ռազմական վարգականոնի՝ ավելի շատ հույսը դնում են Աստծո, քան զինվորի վրա»:

Աղբյուրը՝ Russian7.ru  լրատվական գործակալություն: