«Musk factor». Այսպես է կոչվելու սերիալը, որը պատմելու է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ու տեխնոլոգիական ներուժի մասին: 10-12 մասանոց ֆիլմը պատմում է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Այս մասին գրում է StartHub Armenian-ը:

Սերիալում ներկայացված է լինելու այն, ինչ կարողանում են անել տեղական ստարտափերները՝ առանց չափազանցությունների:

«Մտածեցինք՝ ինչ կարելի է անել, որ աշխարհին հետաքրքիր լինի, կանգ առանք ֆիլմի վրա։ Սա IT-պրոդուկտ չէ, որ շատ պետք է ծախսես իր ճանաչելիության համար, այլ բավարար է Հայաստանի ողջ ռեսուրսը մեկտեղել ու ներկայացնել մեր ներուժը ֆիլմով։ Ֆիլմ, սերիալ նայելը ավելի հեշտ է ու հաճելի, քան պարզապես լսելը որևէ պրոդուկտի մասին։ Մենք որոշել ենք օգտակարն ու հաճելի համատեղել՝ պատրաստելով սերիալ, որում կարտացոլվի Հայաստանի մտավոր-տեխնոլոգիական ներուժը։ Սերիալն, իհարկե, ներկայացվելու է այնպիսի հարթակում, որն ինքնըստինքյան կներգրավի մեծ լսարան, դա Netflix-ն է։ Ի դեպ, համավարակի պայմաններում ընկերությունը դիտողականության 300 տոկոս աճ է գրանցել։ Յուրաքանչյուր սերիայի բյուջեն 400-500 հազար դոլար է, իսկ Հայաստանում ծախսերն անհամեմատ քիչ են, ինչը հնարավորություն է տալիս այստեղ թոփ-մակարդակի նկարահանումներ իրականացնել քիչ ծախսատարությամբ: Այսինքն, եթե մեր բյուջեն մեծ լինի, ֆիլմում կներառենք համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ», – ասում է նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը:

Թիմը ցանկանում է ֆիլմի աշխատանքներում ներառել համահայկական ներուժը. Ուզում են ֆիլմի տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառել աշխարհի տարբեր երկրներում իրենց ներուժը ցուցադրած հայերի։ Իհարկե ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներառված են նաև արտասահմանցի մասնագետներ:

«Շատ հետաքրքիր է լինելու: Ընտրել ենք կոմեդիայի ժանրը: Ուզում ենք հետաքրքիր, դինամիկ ու չձանձրացնող սերիալ ստանալ, որը նաև կոգևորի ու կմոտիվացնի շատերին: Բացի այն, որ ներկայացնելու ենք տեղական տեխնոլոգիական ստարսափ էկոհամակարգը, տեխնոլոգիաների դերը, կարևորությունն ու օգտակարությունը ժամանակակից աշխարհում, ուզում ենք ցույց տալ նաև այն արժեքները, որոնք մարդկությունը կորցնում է տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին՝ պարզ մարդկային հարաբերություններից, հանդուրժողականությունից, հավատքի արժեզրկումից մինչև այն վնասները, որոնք ներառում են այդքան օգտակար թվացող տեխնոլոգիաները», – Ռաֆայել Թադևոսյանի խոսքով՝ սա աշխարհի երիտասարդներին միավորող նախագիծ է դառնալու: Ստեղծագործական թիմը հույս ունի, որ այս սերիալը կլինի նաև ուսուցողական և գուցե շատերը սկսեն վերարժևորել այն հարաբերություններն ու մանրուք թվացող իրավիճակները, որոնք բաց ենք թողնում տեխնոլոգիական դարում: Բացի այդ սա իսկական հնարավորություն է ցույց տալ աշխահին մեր ներուժը և կապել Հայաստանն աշխարհի հետ՝ աշխարհի տեմպին համահունչ լինելով, թեև աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանը վստահաբար ունի իր տեղը:

Netflix հեղինակավոր կինոդիստրիբյուտորի պրոդյուսերական կազմի կողմից սցենարի մասով արդեն հավանություն կա: Առջևում առաջին սերիայի նկարահանումներն են: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը ՏՏ ոլորտի հայազգի հեղինակավոր գործիչ Կարեն Վարդանյանն է: