Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ապրիլ ամսից կգործի նաև Ախալքալաքում, այս մասին տեղեկացնում է Թումո-ի Ֆեյսբուքյան էջը:

«Թումոյի ծրագիրը գնում է Ջավախք:
Հայ օգնության միության Ջավախքի միավորի և Թումոյի համագործակցության շնորհիվ Վրաստանի Ախալքալաք քաղաքի պատանիները շուտով հնարավորություն կստանան հմտանալ Թումոյի կրթական ծրագրի 14 ոլորտներում: Ինքնուսուցումը ջավախքցի պատանիները կանեն տեղում, իսկ դասընթացների համար կմեկնեն Թումո Գյումրի: Մոտակա շաբաթներին կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, և շուրջ 160 պատանի կկարողանա սկսել իր ուսումը արդեն այս տարվա ապրիլին:
Ջավախեցի ապագա թումոցինե՜ր, կհանդիպենք շուտով», – գրում է Կենտրոնը:

Ինչպես տեղեկացանք Հայ օգնության միության Վրաստանի գրասենյակից, Թումոյի համար տարածքը կտրամադրվի Երիտասարդական կենտրոնի շենքում և այս պահի դրությամբ այն վերանորոգվում է:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտում: Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Հայաստանից դուրս կա 5 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում և Բեռլինում: