«Մասնագետները նկատում են, թե «կորոնավիրուսային աշխարհում» գլոբալիզացիայի գործընթացն իր տեղը զիջել է ռեգիոնալիզմին, երբ տարածաշրջանային մակարդակով բազմաթիվ խաղացողներ են ակտիվացել։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կորոնավիրուսի ճգնաժամն օգտագործեց Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար, և պարտությունից հետո Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի նորովի ձևակերպել մեր առաջնահերթությունները տարածաշրջանում, հասկանալ, թե ինչպիսի փոխգործակցության մեխանիզմներ են պետք, որպեսզի մեր երկիրը հնարավորություն ունենա վերականգնել իր դիրքերը և բուժել վերքերը։ Այս տեսանկյունից խորհրդանշական է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրայի հայտարարությունը, թե Հնդկաստանը ծրագրում է միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-հարավ» միջանցքը։
Պետք է ուշադրություն դարձնել, որ այսպիսի հայտարարություն է անում Հնդկաստանի՝ ոչ թե Հայաստանում դեսպանը, այլ Իրանում։ Նման հայտարարությամբ Հնդկաստանը, կարծես, յուրահատուկ ուղերձներ է ուղարկում Հայաստանին, որ պետք է ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը միաժամանակ Իրանի և Հնդկաստանի ուղղությամբ։ Իսկ թե Հայաստանին որքանով կհաջողվի մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ» միջանցքի ուղղություններից մեկի կյանքի կոչմանը, արդեն կախված է մեր գործողություններից։ Սակայն այս հարցում պետք է ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական իրողություններին և փորձել որոշակի գործոններ ծառայեցնել մեր շահերին համապատասխան։ Այս փուլում ականատես ենք լինում, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ աշխատում մի շարք ուղղություններով, որոնցից մեկն էլ Պակիստանի հետ սերտ համագործակցության խորացումն է ամենատարբեր ոլորտներում՝ ռազմականից սկսած, մշակութայինով վերջացած։
Իսլամաբադի, Անկարայի և Բաքվի միջև փոխայցելություններն ու համատեղ նախագծերի առաջ քաշումն ու իրականացումը վերջին շրջանում հատկապես ինտենսիվ բնույթ են ստացել։ Ընդ որում, թուրք-ադրբեջանական տանդեմն ի փոխհատուցում Արցախի հարցում Պակիստանի դիրքորոշման, իրենց լիակատար աջակցությունն են հայտնում Իսլամաբադին Քաշմիրի հակամարտության հարցում։ Իսկ փոխգործակցության այդպիսի ձևաչափը չի կարող անտեսվել Պակիստանի հետ տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող Հնդկաստանի կողմից, որի աճող տնտեսական հզորությունը և բնակչության թիվը թույլ են տալիս դառնալ Ասիայի ամենահզոր ուժային կենտրոններից մեկը։ Ուստի Հնդկաստանի ուղղությամբ համագործակցության խորացումը Հայաստանի համար այս պահին ուղղակի անհրաժեշտություն է։ Եվ շատ կարևոր է, որ այն լինի ոչ թե միայն հայտարարությունների մակարդակով, այլ ռեալ քաղաքականության, փոխադարձ այցերի ու խոշոր նախագծերի իրականացման տեսքով։ Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են նաև Միջին Ասիայի երկրների հետ՝ փորձելով քիչ-քիչ կյանքի կոչել իրենց պանթուրքական նախագծերը։
Եվ պետք է նկատի ունենանք, որ Միջին Ասիան գրեթե միշտ եղել է Ռուսաստանի կենսական շահերի գոտին, ուստի ռուսական շահերից չի բխում Միջին Ասիայի երկրներում թուրքական ազդեցության ներթափանցումը։ Հարավային Կովկասում միայն Հայաստանի դիրքերի հզորացումն է, որ կարգելակի Թուրքիայի սրընթաց ծավալումը դեպի արևելք։ Իսկ այս հարցի շուրջ հայ-ռուսական շահերը ամբողջովին համընկնում են, մնում է միայն ակտիվ աշխատել հյուսիսային դաշնակցի հետ։ Սակայն խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները աշխարհաքաղաքական նոր իրողությունների տրամաբանությունը հասկանալու և դրա ուղղությամբ աշխատելու փոխարեն կենտրոնացել են միայն մեկ խնդրի վրա՝ ինչպես պահեն իրենց աթոռները։ Իսկ եթե պարտությունից հետո այս իներտ արտաքին քաղաքականության կուրսը երկար պահպանվի, ապա չպետք է հույսեր ունենալ, որ որևէ կշիռ ներկայացնող արտաքին ուժ կարող է մեզ հետ հաշվի նստել»,-գրում է թերթը: