Հայաստանում ստեղծվել է ծանր քաղաքական եւ տնտեսական, որի ելքը միայն իշխանության փոփոխություն է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

«Երբ Եվրոպա գնացի, տեսա, որ այնտեղ պետություն կա, ինչը մեզ մոտ պակասում է: Երկրի տնտեսական վիճակը զրո է, տնտեսություն չկա Հայաստանում, 4 հոգու ձեռքում է ամեն ինչ: Մարդու աշխատանքը չնչին գումար է, որ հազիվ հացի փող է հանում, դա տնտեսությո՞ւն է: Էդ ձե՞ւ է ապրելու: Նորմալ ղեկավար պետք է նախ ունենանք, որ մտածի իր  երկրի, հայրենիքի եւ ժողովրդի մասին»,-ասաց նա:

Սիսլյանի խոսքով՝ ժողովուրդը վախենում է, որեւէ ընդվզման գնալուց, քանի որ նույնիսկ որեւէ մտադրություն կանխվում է իշխանությունների կողմից բիրտ միջոցներով:

«Քանի անգամ ժողովուրդը փորձեց  ընդվզել, սակայն ոչինչ չստացվեց, երեւի սխալ ճանապարհով են գնում եւ սխալ պահանջներ են ներկայացնում: Պետք է փոխվի սա, սա ձեւ չի ապրելու, իսկապես մեր ժողովուրդը շատ խեղճ վիճակում է: Մարդ մի բան անի, կամ թեկուզ հայտարարի, դժբախտաբար, հայտնվում է ճաղերի հետեւում: Կամ գործ արեք, կամ մի արեք, խոսելով չէ»,-ասաց նա:

Սիսլյանի կարծիքով՝ Հայաստանում ցանկացած ընդվզում սկսած բողոքի ակցիաներից մինչեւ «Սասնա ծռեր», իշխանությունների վարած քաղաքականության արտացոլանքն ու հետեւանքն է: