Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը:

Մայիսի 7-ի երեկոյան կողմ հայկական ստորաբաժանումները Ստեփանակերտի հարավարևմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման: 

-«Հյուսիսային» ( հրամ.՝ Վալերի Չիթչյան). 

-«Արևելյան»(հրամ.՝ Արկադի Կարապետյան)

-«Հարավային» (հրամ.՝ Սամվել Բաբայան)

-«Հյուսիսարևմտյան» (հրամ.՝ Սեյրան Օհանյան)

Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողյանը:

Օպերացիայի ընթացքում հայկական ուժերը, որոնց տրամադրության տակ կար մինչև 1200 հոգանոց անձնակազմ,  կռվում էր ընդեմ հակառակորդի 2500 հոգանոց լավ սպառազինված զորախմբի։

Մայիսի 8-ին ժամը 02.50-ին տրվեց հրետանային նախապատրաստություն սկսելու հրաման: 

Մայիսի 8-ի առավոտից ահեղ մարտեր սկսվեցին Ջանհասանից մինչև Քիրս ձգվող ռազմաճակատային գծի ողջ երկայնքով: Հստակ ղեկավարման և ենթակա ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ, ժամերի ընթացքում թշնամին դուրս շպրտվեց քաղաքի մերձակայքում զբաղեցրած իր դիրքերից և կորուստներ տալով բռնեց նահանջի ճանապարհը: Կեսօրին մոտ Շուշիի պաշտպանությունը հյուսիսից և արևելքից ճեղքված էր, իսկ արդեն ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:

Օպերացիայի ընթացքում հայկական կողմը տվեց 47 զոհ, 68 վիրավոր, 2 անհայտ կորած, 1 միավոր «Т-72» տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա («БМП-1»):

Մայիսի 9-ի առավոտյան Հայոց բերդաքաղաքը լրիվությամբ արդեն ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ էր… 

28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ։

Սակայն հայ ռազմիկը դեռ կանգուն է ,աշխարհով սփռված մեր հայրենակիցները վճռական են և հեռու չէ այն օրը երբ կրկին հայոց հինավուրց բերդաքաղաքը կլինի հայկական։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ