80-ականների վերջին ընդհատակում շատ քիչ մարդ կար, որ հավատում էր՝ Կրեմլը մեզ ինչ-որ բան է նվիրելու: Հայերը շատ լավ հասկանում էին, որ արյուն է հեղվելու և խորհրդային տարիներին արդեն հրացաններ, կարաբիններ ունեին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը, հաղորդում է  Panorama.am:

«Որ թուրքերը մեզ կրակելու են, սպանելու են, սպասելի էր: Բայց մենք հավատում էինք, որ մեր պայքարն արդար է և պետք է հաղթանակի: Ես տրիբունայից ասում էի՝ ժողովուրդ, այս պայքարը ոչ մեկ տարվա է, ոչ հինգ տարվա, ոչ էլ գուցե հիսուն: Շարժումն ինքնաբերաբար տեղի չունեցավ, պատահական ոչինչ տեղի չունեցավ, մենք ընդհատակում լավ կազմակերպվել էինք, տիրապետում էինք իրավիճակին: Մենք տնօրինեցինք մեր բախտը»,- նշեց ազատամարտիկը:

Գնդապետի խոսքով, Արցախյան շարժման առաջին գործողությունը պաշտպանողական էր, քանի որ առաջինը ադրբեջանցիները սկսեցին կրակել: «Ոնց հաշվում էինք, պարտվում էինք, շանս չկար, բայց հաղթեցինք»,- հիշեց ազատամարտիկը:
Անդրադառնալով մերօրյա հայկական բանակի մարտունակությանը՝ Արկադի Կարապետյանն ընդգծեց, որ այսօր բավականաչափ զենք ունենք և անհրաժեշտության դեպքում կարող ենք ոչնչացնել Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմը, նրա համոզմամբ, թեստ էր, քանի որ աշխարհի հաշվարկով մենք պատրաստ էինք պարտվելու: Իրականությունը, սակայն, այլ էր:

«Սա լոկ տարածք չի, սա հայրենիք է: Ով է ինձնից հարցրել՝ ես պատրա՞ստ եմ այն հանձնելու: Մենք հող չենք գրավել, մենք մեր հայրենիքն ենք ազատագրել: Որ ասում են 800 հեկտար, ես հո գյուղատնտես չեմ, որ հեկտարների մասին խոսեմ: Ես հայրենիքի մասին եմ խոսում»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով լայնածավալ պատերազմական գործողությունների հնարավորությանը՝ Արկադի Կարապետյանը շեշտեց, որ պատերազմ լինելու է, և բոլոր հարցերը լուծվելու են: «Մենք մինչև վերջ չենք հասել, դեռ խնդիր ունենք: Մենք պետք է պատրաստ լինենք կռվի»,- ասաց ազատամարտիկը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին,  Արկադի Կարապետյանը դա թշնամություն և դավաճանություն որակեց: