Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս պատմական արարողությունից րոպեներ անց համաշխարհային մի շարք առաջատար լրատվամիջոցներ, անդրադառնալով պատարագի խորհրդին, կրկին ուշադրությամբ սևեռվեցին պապի արտասանած և աշխարհում չարչարված մեկ բառի վրա՝ կհնչի ցեղասպանություն բառը, թե՞ ոչ:
Աշխարհի տարբեր անկյուններից Վատիկան ժամանած հազարավոր և բազմազգ հավատացյալների առջև պապը խոսեց հայ ժողովրդի մեծագույն ողբերգության, Գրիգոր Նարեկացու մեծության, «տառապանքով և մարտիրոսությամբ թրծված» մեր պատմության մասին, որը թանկագին գոհար անվանեց և ընդհանրական եկեղեցու հպարտություններից մեկը:
«Սիրելի հայ եղբայրներ և քույրեր, արդեն մեկ դար է անցել այն սարսափելի ոճրագործությունից, որը ձեր ժողովրդի համար հիրավի մարտիրոսություն եղավ:- նշեց Ֆրանցիսկոս պապն իր խոսքում,- Շատ անմեղ մարդիկ մահացան որպես Քրիստոսի անվան խոստովանողներ և մարտիրոսներ: Այսօր չի գտնվի որևէ հայ ընտանիք, որը այդ դեպքերի պատճառով կորցրած չլինի իր հարազատներից մեկին: Սա իսկապես դարձավ «Մեծ Եղեռն», ինչպես դուք եք կոչել այդ ողբերգությունը: Այս առթիվ ես մերձավոր կապ եմ զգում ձեր ժողովրդի հանդեպ և ուզում եմ հոգեպես միանալ այն բոլոր աղոթքներին, որ բարձրանում են ձեր սրտերից, ձեր ընտանիքներից և ժողովրդից»:
100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ի լուր աշխարհի ևս մեկ անգամ բնորոշելով որպես ցեղասպանություն՝ պապը կոչ արեց առանց զիջումների ընդդիմանալ նման ոճրագործություններին, քանի որ դրանց անտեսումը ծնում է աստծուն և մարդկային արժանապատվությունը անարգող նոր աղետներ:
«… Կատարվածին անդրադառնալը ոչ միայն հայ ժողովրդի և ընդհանրական եկեղեցու, այլև ողջ մարդկության պարտականությունն է, որպեսզի այս ողբերգությունից եկող ազդակները կանխեն նման նոր արհավիրքները… Բոլոր նրանք, ովքեր պետական և միջազգային կառույցներ են ղեկավարում, պարտավոր են ընդդիմանալ նման ոճիրներին՝ առանց որևէ կասկածի և զիջումների»:
Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, եկեղեցական տարբեր թեմերի առաջնորդներ Հայաստանից և աշխարհասփյուռ գաղթօջախներից, պետական պաշտոնյաներ և մշակութային գործիչներ:
«Հայ ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին հայոց ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլև մարդասիրական առաքելություններ իրականացրեցին՝ օգնելով հաղթահարել բազմապիսի դժվարություններ»,-իր ողջույնի և շնորհակալության խոսքում նշեց ՆՍՏՕՏՏ Գարեգին Բ-ն և անդրադարձավ կաթոլիկ եկեղեցու նախորդ պապերի կողմից ևս հայտարարություններին և ցեղասպանության ճանաչմանը՝ կարևորեց Վատիկանի արխիվների հրապարակումը:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի պապը սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
http://hetq.am/arm/news/59594/hromi-papy-datapartec-hayoc-cexaspanutyuny-ev-tiezerakan-vardapeti-kochum-shnorhec-surb-grigor-narekacun.html
Comments are closed.