ԱՐԵՎՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան այցի առիթով անդրադարձ է ներկայացրել Վատիկանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ու հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած ճգնաժամի վերաբերյալ:

«2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Նա իր ելույթում այն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և հղում կատարեց 2001 թվականին Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի` ցեղասպանության վերաբերյալ ստորագրած հռչակագրին: Այս դեպքերից հետո Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները 10 ամիս շարունակ պահվում էին դեսպանի հավատարմատարի մակարդակով: Միայն 2016-ի փետրվարին երկկողմ նոր բանակցությունների արդյունքում Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան»,- գրել է հոդվածի հեղինակը՝ վերհիշելով, որ այդ ժամանակ Հռոմի պապի նման քայլը կոշտ քննադատության ենթարկած Էրդողանը մեղադրել էր նրան պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու համար:

Հոդվածագիրը նաև նկատել է, որ Էրդողանի քննադատությունները հետ չպահեցին Ֆրանցիսկոս պապին, որը Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս անց էլ՝ արդեն 2016 թվականի հունիսին, այցելեց Հայաստան և ևս մեկ անգամ արտասանեց ցեղասպանություն բառը:

Հիշեցնենք, որ այսօր Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապի և Էրդողանի դռնփակ հանդիպումը: 
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։ Այս կարծիքն էր, մասնավորապես, հայտնել Regnum լրատվական գործակալության եկեղեցա-քաղաքական նյութերի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկին:

Հիշեցնենք, որ սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թվականին:

 

Աղբյուրը՝ tert.am:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: