Տիգրան Պետրոսյանը (մականունը`   Երկաթե Տիգրան) ծնվել է 1929թ. հունիսի 17-ին Թիֆլիսում: Շախմատ խաղալ սկսել է 8 տարեկանից: Հաճախել է տեղի շախմատի դպրոցը:

Շախմատիստի առաջին լուրջ հաղթանակը գրանցվել է 1945թ. Պետերբուրգում կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում, ուր նա 1-ից 3-րդ տեղերը կիսել է Վասիլչուկի և Ռեշկոյի հետ: 1946թ. Երևանում կայացած 6-րդ հայկական մրցաշարում հաղթող է ճանաչվել: 

ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնությունում Պետրոսյանը կրկին հաստատում է հաղթողի իր տիտղոսը: 1947թ. Հայաստանի առաջնությունում շախմատիստը կիսել է 2-ից 4-րդ տեղերը:

1949թ. տեղափոխվել է Մոսկվա, ուր մասնակցելով բազմաթիվ մրցաշարերի, մի շարք հաղթանակներ է տարել:

1952թ. Պետրոսյանն արդեն Խորհրդային Միության և միջազգային գրոսմայստեր էր: Այդ տարի էլ հենց ամուսնացել է թարգմանչուհի Ռոնա Ավինեզարի հետ: 

1958-1979թթ. ԽՍՀՄ շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ է եղել: 1963թ. Տիգրան Պետրոսյանը դարձել է իմաստուն խաղի աշխարհի 9-րդ չեմպիոնը`   հաղթելով Միխաիլ Բոթվիննիկին: 2-րդ անգամ նույն տիտղոսին արժանացել է 1966թ.: «Շախմատային տրամաբանություն» տեսության համար Երևանի պետական համալսարանը 1968թ. նրան թեկնածուի կոչում է շնորհել:

Խաղալով ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ 1958-1978թթ. համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող է ճանաչվել այդ ընթացքում կրելով ընդամենը մեկ պարտություն: Իր վերջին պատմական հաղթանակը տարել է 1981թ. ոչ պակաս հայտնի շախմատիստի`   հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամբ: Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984թ. ստամոքսի քաղցկեղից:

«Ես միշտ էլ զգում եմ, որ ողջ Հայաստանն ինձ հետ խաղում է յուրաքանչյուր պարտիա: Իմ հաղթանակներին սպասողներ շատ կան, ու դա ինձ պարտավորեցնում է»,- ասել է Պետրոսյանը: