Ադրբեջանը ոչնչացրել է Հովհաննես Իսակովի կիսանդրին։

  • by Western Armenia, 21 Փետրվարի, 2024 in Մշակույթ
64 դիտում

2024 թվականի փետրվարին 16-ին, հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել է  Արևմտյան Հայաստանի զավակ, ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է․ կիսանդրին տեղադրվել էր 2018 թվականին։ Ադմիրալ Հովհաննես Իսակովը   ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին, Կարսի մարզի Հաջիշեն գյուղում։

Նա Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ էր, ադմիրալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան:

Դիտարկումը թույլ է տալիս ենթադրել, որ ադրբեջանական կողմը սկսել է նպատակուղղված կերպով օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացնել և վերացնել խորհրդային տարիներին և վերջին 30 տարիներին քաղաքում կանգնեցված արձանները և կիսանդրիները: Այս քայլով ադրբեջանական կողմն ապամշակութայնացնում է Ստեփանակերտը, հեռացնում է քաղաքի հայկականության և մշակութային ժառանգության խորհրդանիշերը: Առավել հատկանշական է, որ այս քայլը ադրբեջանական կողմը սկսեց Ստեփան Շահումյանի արձանի բացահայտ ապամոնտաժմամբ։ 

Ադրբեջանը խախտել է՝ բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության՝ Հաագայի, Ժնևի և միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։

Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մշակութային ժառանգությունը համարվում է մարդու ստեղծագործ մտքի բացառիկ արտահայտություն, որի ոչնչացումը կամ վնասումն ուղղակիորեն խախտում է մարդու,համայնքի անդամների մշակութային իրավունքները` թեˊ պատերազմի ժամանակ, թեˊ պատերազմից հետո։

Ըստ Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածի`օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարվում․ «Արգելվում է՝ դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցներին, պատմական հուշարձաններին, հիվանդանոցներին, եթե դրանք ռազմական թիրախներ չեն:

Օկուպացիայի ընթացքում տեղի ունեցող ամենատարբեր հարաբերություններն ու գործընթացները կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով։ Մշակութային արժեքների պաշտպանությանն են վերաբերում միջազգային մարդասիրական իրավունքի՝ 38-րդ, 39-րդ, 40-րդ  և 41-րդ կանոնները։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորույթային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն` գործում են` որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են ` բոլոր պետությունների համար։

Զինված բախումների ժամանակ և դրանից հետո՝ օկուպացված տարածքներում, մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքներ է առաջարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի՝ Գլխավոր կոնֆերանսի կողմից՝ 2003 թվականին ընդունված  "Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին" հռչակագիրը։ Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության`  Հաագայի` 1954 թվականի կոնվենցիայի , 1999 թվականի երկրորդ  արձանագրությունն` իր 9-րդ հոդվածով նույնպես արգելում է ` մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները` թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում: