Ազնավուրի  ծննդյան օրն էր. Ջոնի Հոլիդեյի եւ Շառլի բարեկամության մասին

  • by Editbeglari, 23 Մայիսի, 2026 in Լուրեր
99 դիտում

Շառլ Ազնավուրի  ծննդյան օրն էր

Շառլ Ազնավուրն իր երգերով կամրջել էր տարիքային տարբեր սերունդների: Շառլն է եղել հենարանն ու հաջողության ջահը մեծաթիվ այն երգիչների, ովքեր  միջազգային բեմահարթակներում մեծ ճանաչում են վայելում:

Բայց Ազնավուրի կյանքում Ֆրանսիացի երգիչ Ջոնի Հոլիդեյն առանձնահատուկ սիրո ու հարգանքի տեղ էր գրավում: 60-ականներին Շառլ Ազնավուրի գրած երգի եւ իր քրոջՙ Աիդա Ազնավուրի ամուսնուՙ Ջորջ Կառվարենցի երաժշտությամբ մատուցված երգը դարձավ Ջոնիի հաջողության բանալին եւ այդ պահից էլ գծվեց այդ երգչի փառքի ճանապարհը: Այդ ժամանակներից նրանց մտերմությունը երբեք չընդհատվեց, հակառակըՙ տարիներն ավելի ու ավելի մոտեցրեցին նրանց: Ջոնին համարվում էր Շառլի ընտանիքի անդամը, նրա որդին, կրտսեր եղբայրը, մտերիմը: Նրանց մտերմության մասին ֆրանսիայի երաժշտական աշխարհում բոլորն են պատմում:

2017- ին Ֆրանսիան կորցրեց լեգենդար, աշխարհահռչակ ռոք երգիչ Ջոննի Հոլիդեյին: 

Ի զարմանս բոլորի, նա չէր եկել Ջոնիի թաղմանը: Լրագրողի հարցմանն ի պատասխան Շառլն ասել էր, որ Ջոնիին այնքան շատ է սիրել, որ նրա սուգը միայն հայկական ձեւով է սգալու: «Ինչպես հայրն է սգում որդու մահը, այնպես էլ ես եմ սգալու: Հայաստանում հարազատի մահվան դեպքում քառասուն օր սուգ են պահում, տանից դուրս չեն գալիս,  ես Ջոնիի մահը սգալու եմ հայկական ավանդույթով», պատասխանել էր Շառլը: Եվ նա քառասուն օր սուգ էր պահել , տանից տուրս չեկավ, մերժել էր բոլոր հրավերներն ու  երկար ժամանակ համերգներ չտվեց:

«Շառլ Ազնավուրը շատ էր ազդվել Ջոնի Հոլիդեյի ասես շքերթի վերածված մահվան արարողությունից», -նշում էին ֆրանսիական լրատվամիջոցները: Թերեւս դա էր նաեւ պատճառներից մեկը, որ Շառլի ընտանիքը մերժել էր առավել շուքով կազմակերպելու Ազնավուրի  հիշատակի արարողությունը:

Շառլ Ազնավուրը  կյանքում նախընտրում էր համեստությունը: Նա կյանքից հեռացավ խաղաղ, հանգիստ փակելով աչքերնՙ ընկղմվեց հավերժական քնի մեջ: Իր վերջին ցանկությանը հավատարիմ, նրա թաղման արարողությունն էլ կատարվեց համեստ, իր հոգուն համահունչ:

Ծնունդդ շնորհավոր մեր հպարտություն: