Արցախի Շուշի քաղաքում 1992 թվականին հիմնադրված «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական երգչախումբը շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով Արցախի երգարվեստի և մշակույթի ավանդույթները։
Երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է լիբանանահայ խմբավար, շվիահար և դուդուկահար Զաքար Քեշիշյանը։ Ավելի քան երեք տասնամյակների ընթացքում «Վարանդա»-ն շուրջ 200 համերգ է ունեցել Արցախում, Հայաստանում և Լիբանանում՝ ներկայացնելով հայ և օտար դասական, ժամանակակից ու ժողովրդական երաժշտություն։ Երգչախմբում տարիների ընթացքում ընդգրկվել է ավելի քան 600 պատանի և երիտասարդ։
2020 թվականի պատերազմից և Շուշիի բռնազավթումից հետո «Վարանդա»-ն գործունեությունը շարունակեց Ստեփանակերտում՝ «Երգող Արցախ» համերգաշարի շրջանակում։ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո ևս երգչախումբը չդադարեցրեց իր աշխատանքը։
2024 թվականից Զաքար Քեշիշյանի և աջակիցների ջանքերով «Վարանդա»-ի շուրջ համախմբվել են Արցախից բռնի տեղահանված մոտ հինգ տասնյակ երեխաներ և պատանիներ, որոնք այսօր բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում։
2026 թվականի սեպտեմբերին երգչախումբը համերգներով հանդես է գալիս Հայաստանի տարբեր մարզերում։ Սեպտեմբերի 9-ին «Վարանդա»-ի «Երգող Արցախ» ծրագիրը ներկայացվեց Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում։ Համերգը ավարտվեց Արցախի օրհներգով։
Զաքար Քեշիշյանը, խոսելով Արցախի ապագայի մասին, ընդգծում է իր հավատը արդարության հաղթանակի նկատմամբ և համոզմունքը, որ վաղ թե ուշ իրականություն կդառնա Արցախ վերադարձը։ «Վարանդա»-ի երեխաների երգը այդ հավատքի և ազգային հիշողության շարունակությունն է։
