Առաջին քայլը Տիգրանակերտի  Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման ուղղությամբ

  • by Western Armenia, 27 Մայիսի, 2024 in Մշակույթ
27 դիտում

Տիգրանակերտում տարիներ շարունակ ավերակ վիճակում գտնված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնման նպատակով առաջին քայլը նախատեսվում է անել հունիսի 13-ին։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են թուրքական Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատկացրած գումարներով, բայց և այնպես հավելյալ ֆինանսավորման աղբյուր գտնելու անհրաժեշտություն կա։

Այդ մասին,հաղորդում է «Ակօս» հայկական շաբաթաթերթի թուրքալեզու կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ Սուրբ Սարգիսը, ինչպես և Սուրբ Կիրակոս եկեղեցին գտնվում է Տիգրանակերտի Սուրբ շրջանում։ Սուրբ Սարգիս եկեղեցին բավականին վնասներ է կրել անցյալ տարվա փետրվարի 6-ի երկրաշարժից։

Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորում գտնելու նպատակով երկար ժամանակ աշխատանքներ է իրականացրել Տիգրանակերտի  Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը։

Նախատեսվում է, որ եկեղեցու վերանորոգումից բացի, կկառուցվեն նաև կից կառույցներ, օրինակ՝ ժողովասրահներ, ցուցասրահներ և այլն։

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավարությունը՝ Էրգյուն Այըքի գլխավորությամբ, ժամանել է Ստամբուլ, հանդիպել Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և վերջինիս տեղեկություններ հաղորդել այդ աշխատանքների վերաբերյալ։

«Ակօս»-ի տեղեկություններով՝ սույն նախագիծն ավարտին հասցնելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է շուրջ 60 միլիոն թուրքական լիրա (մոտավորապես՝ 1․860․307 ԱՄՆ դոլար)։ Հիմնադրամը և հայկական համայնքը շարունակում են աշխատանքները այդ գումարը հայթայթելու ուղղությամբ։