Սեպտեմբերի 23-ին Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում տեղի է ունեցել Արցախին նվիրված երեք հատորների՝ Դավիթ Ղահրամանյանի **«Արցախ՝ անավարտ պատերազմ»**, Ռաֆֆի Քորթոշյանի **«Արցախ՝ վտանգված ժառանգություն 1»** և **«Արցախ՝ վտանգված ժառանգություն 2»** գրքերի շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել էր Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամյակի առիթով։
Շնորհանդեսին զուգահեռ ներկայացվել են արցախցի նկարիչների աշխատանքները։ Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քէշիշյանը և Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Մակար արք. Աշգարյանը։
Ելույթներում ընդգծվել է գրքերի կարևորությունը՝ որպես Արցախի պատմության, մշակութային ժառանգության և հայության ներկայության փաստագրական վկայություններ։ Հատորներում ներկայացված են պատերազմի, շրջափակման և Արցախի մշակութային հուշարձանների վերաբերյալ լուսանկարներ ու մասնագիտական նյութեր։
Միջոցառման գեղարվեստական բաժնում հանդես են եկել Համազգայինի «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի ուսուցիչ Կասիա Լևոնյանը և սրինգահար Նաթալի Առաքելյանը։ Ավարտին կազմակերպվել է գրքերի և նկարների վաճառք։
