«Արցախի վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը Ֆրանսիայում

  • by Editbeglari, 11 Հունվարի, 2024 in Մշակույթ
359 դիտում

 Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում բացվել է ՝ «Արցախի վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդես։ Ցուցահանդեսը  գործելու է մինչև հունվարի 15-ը, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությունը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար և նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխության հերթական դրսևորումն է։ Դեսպանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո այժմ Բաքուն քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և խոսքով հանդես են եկել նաև Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։