Արևելյան Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվեց Անի քաղաքի  բացառիկ հավաքածուն

  • by Western Armenia, 21 Մայիսի, 2024 in Մշակույթ
27 դիտում

Արևելյան Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել  «Անի. Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացման արարողությունը։

 Ցուցադրության շրջանակում ներկայացվեցին շուրջ 350 առարկաներ՝ Անիից ու Դվինից (գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դարերի մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտներ), ինչպես նաև կոթողներ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։  Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ Արևելյան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ բավականին երկար դադարից հետո կրկին հնարավորություն ընձեռվեց հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության կարևոր հատվածներից մեկը, մեր մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասնիկներից մեկը՝ Անիի ավանդական ցուցասրահի հավաքածուն։ «Դեռ նախորդ դարի սկզբին Անիում իրականացվել են հսկայածավալ հնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում այնտեղ ստեղծվել էին երեք թանգարաններ։ Դրանք միասին կոչվում էին Անիի հնադարան։ Այս տարի լրանում է բացառիկ հնադարանի ստեղծման 120-ամյակը։ Այնպես ստացվեց, որ դրա հետ համընկավ մեր ցուցասրահի վերաբացումը։ Հոբելյանի առթիվ մեր ցուցադրության մեջ փորձել ենք ընդգրկել հնադարանից փրկված հետաքրքիր ընտրանի՝ եզակի նմուշներից, ինչպես նաև հնադարանին նվիրված 10 -14-րդ դարերի ժամանակահատվածի մոտ՝ չորս հարյուր առարկա։ Տվյալ ցուցադրական հատվածները բացվել են նորովի, այստեղ կիրառվել է վավերագրություն, նոր անիմացիոն ու գծագրային վերակազմություններ, որոնց շնորհիվ հնարավորություն է ստեղծվել հանրությանը նորովի ներկայացնել մեզ հասած փառահեղ ժառանգությունը։ Կան շատ եզակի իրեր, որոնք ունեն հետաքրքիր կոնտեքստ և անշուշտ դուր կգան մեր այցելուներին՝ թանգարանը դարձնելով նրանց այցելության ամենասիրելի վայրերից մեկը»,- ասաց Պողոսյանը։  

Գաղտնիք չէ, որ պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաներն ու իրերը հայ ժողովրդի հարուստ մշակույթի ու դարավոր տարեգրության կենդանի վկայությունն են, ուստի պատմության թանգարանը անում են ամեն ինչ, որպեսզի դրանք հավուր պատշաճի ներկայացնի նաև միջազգային հանրությանը։