Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 11 Հուլիսի, 2023 in Ժառանգություն
108 դիտում

Կարնո քոչարի, Քոչարի պարի տարատեսակներից մեկը, որը տարածված է եղել Կարինի շրջանում։ «Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։

Պարի ստուգաբանությունը հետևյալն է․

«Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի, խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ։

Այս սիրված պարատեսակը հրապուրիչ է պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով։ Թեպետ պարողներն այլևս չեն հիշում պարատեսակի նախկին «խոյ-այծային» բովանդակության մասին, սակայն ժամանակն ու հետագա շերտավորումը չեն կարողացել ամբողջովին համահարթել պարի նախասկզբնական (վաղնջական) ձևը։

Հարցին, թե ինչպես է առաջացել քոչարին, շատերը պատասխանում են` չգիտենք: Ոմանք հարցին հարցով են պատասխանում. «իսկ ինչու՞ իմանանք, կարևորը, որ այս պարի հանդեպ սերը մեր արյան մեջ է»:

«Կարին» ազգագրական պարի համույթի հիմնադիր ու ղեկավար Գագիկ Գինոսյանը համաձայն չէ հայկական ժառանգության նկատմամբ ունեցած նման մոտեցման հետ:

 «Մենք ինքներս շատ քիչ բան գիտենք մեր մասին, այդ իսկ պատճառով ուրիշները մերը շատ հեշտ են վերցնում ու իրենց վերագրում», — նշում է նա` ավելացնելով, որ մանկուց է պետք երեխայի մոտ հայրենասիրություն սերմանել:

Քոչարին ստեղծվել է հեթանոսական ժամանակաշրջանում, երբ գոյություն ուներ ծառերի, ջրի, արևի ու կենդանիների պաշտամունք: Պարը, որը նմանակում է վայրի խոյի մարմնի շարժումները, ուժն ու հզորությունը, որը միշտ պայքարել է իր տարածքի, իր հոտի համար, ծագել է վայրի խոյի պաշտամունքի շրջանում: Մինչ օրս` դարեր անց, պահպանվել են այդ պաշտամունքի տարրերն ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ առօրյայում: Ակնհայտ օրինակ է հենց քոչարի պարը։

Եվ իսկապես, խոյի պաշտամունքն արտացոլված է արվեստի տարբեր ուղղություններում: Մասնավորապես, ճարտարապետության մեջ կարելի է տեսնել տարրեր, որոնք նման են խոյի եղջյուրների։ Պատմաբանները նշում են, որ այդ պաշտամունքի ժամանակաշրջանում շատ քանդակագործներ պատկերում էին ոչ միայն եղջյուրները, այլև այդ կենդանու գլուխը: Այն ժամանակ հայերը կարծում էին, որ եթե անվախ լինեն, ինչպես խոյը, ապա ոչ ոք չի կարողանա իրենց ստրկացնել:

Այդ պաշտամունքի տարրերն արտացոլվել են նաև պարում: Քոչարին առաջացել է հենց այդ` խոյի երկրպագության ժամանակաշրջանում։ Կար մի ծիսակատարություն` «վեր խոյանալ», որը ենթադրում էր հետևյալը. խոյի պես ետևի «սմբակներին» բարձրանալ, վեր բարձրանալ և դրանցով ուժգին հարվածել գետնին:

Այս տարրը պահպանվել է քոչարիի մի քանի տարատեսակներում: Շարքով կանգնած խումբը ոտքերը վեր է բարձրացնում և ուժգին հարվածում գետնին։