Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 26 Հուլիսի, 2023 in Ժառանգություն
102 դիտում

Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ դարեր շարունակ իրականացված հալածանքի քաղաքականությունը չի շրջանցել նաև լեզվական ոլորտը: Բնականաբար, այդ քաղաքականության գլխավոր նպատակն էր ստիպել կայսրության տարածքում բնակվող բոլոր ոչ թուրք ժողովուրդներին չկիրառել և մոռանալ իրենց մայրենի լեզուն, փոխարենը կիրառել թուրքերեն (օսմաներեն):  

Լեզվի հետ կապված հասարակական-քաղաքական զարգացումները Օսմանյան կայսրությունում առավել ակտիվացան XIX դարի սկզբներից, մասնավորապես` Թանզիմաթյան ռեֆորմներին զուգահեռ, երբ փորձ արվեց մտավորականների կողմից պարզեցնել խրթին օսմաներենը, սակայն այդ ջանքերը ունեին այլ թիրախ ևս` ավելացնել թուրքախոսության աշխարհագրությունը և մակարդակը: 1876 թ. ընդունված օսմանյան սահմանադրությամբ առաջին անգամ թուրքերենին (օսմաներենին) տրվեց պետական-պաշտոնական լեզվի կարգավիճակ: 

Թուրքերենի պարտադրման մշակված քայլերը էլ ավելի ցայտուն դրսևորվեցին XX դարի սկզբին երիտթուրքական կառավարման տարիներին և ոչ թուրք ժողովուրդների լեզուների դեմ պայքարը սկսեց ձեռք բերել պետականորեն կազմակերպված բնույթ: Օրինակ` ըստ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի, Պոլսում քաղաքային իշխանությունները քաղաքի ֆրանսերեն ցուցանակները 1-2 օրում փոխարինեցին թուրքերենով, տարածվեց «պետք է գրվի թուրքերեն» կոչ-հրահանգը: Պետական կառույցներին զուգահեռ մուսուլման հասարակությունը նույնպես ընդգրկված էր ոչ թուրք ժողովուրդների լեզուների դեմ պայքարում, և արձանագրվում էին այլալեզու ցուցանակների կոտրում, այլախոսների դեմ հրապարակային բռնություններ և այլն: Այս հալածանքները և սպառնալիքները տվեցին որոշ արդյունքներ և ահաբեկված առևտրականները, արհեստավորները, հյուրանոցատերերը և այլն սկսեցին իրենց խանութների, արհեստանոցների, հյուրանոցների հայերեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն գրությունները դարձնել թուրքերեն: 

Ինչպես ազգայնամոլական քաղաքականության այլ բաղադրիչներ, այնպես էլ ոչ թուրք ժողովուրդների մայրենի լեզուների դեմ պայքարը գրեթե նույն մեթոդներով շարունակվեց նաև թուրքական իշխանության օրոք: Պետք է փաստել և շեշտել, որ ըստ Լոզանի պայմանագրի` Օկուպացված Արևմտյան Հայաստանում բնակվող ոչ թուրք ժողովուրդներն ունեին իրենց մայրենի լեզուները կիրառելու, մայրենիով թերթեր հրատարակելու իրավունք, որն ի թիվս այլ իրավունքների` բացահայտ ոտնահարվեց: Հարկ է նկատել, որ թուրքական իշխանության  լեզվական հալածանքն արտացոլվեց ոչ միայն հայերի  , այլև իսլամադավան քրդերի, չերքեզների և այլ ժողովուրդների հանդեպ ևս: