Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 27 Հուլիսի, 2023 in Ժառանգություն
157 դիտում

Լեզվի կամ առավել կոնկրետ լեզվական ձուլման խնդիրը ազգայնամոլական ուժերի օրակարգում էր թուրքական  պետության հիմնադրման արդեն առաջին տարիներին: Այսպես, 1925 թ. թուրքական թերթերում քարոզչական հայտարարություներ էին տպագրվում, որտեղ ի շարս թուրքական ապրանք գնելու, թուրքական խանութներից օգտվելու կոչերին` հստակ նշվում էր. «Թուրքերեն չխոսողին մի պատասխանիր»: 1926 թ. հրավիրված «Թուրքական օջախների» համաժողովում թուրքական պետությունում թուրքերենից զատ այլ լեզուների կիրառման հարցը սուր քննարկումների առարկա էր, որտեղ հնչում էին իրենց բնույթով ռասիստական, ագրեսիվ ելույթներ և նաև կոնկրետ առաջարկներ: 

Հատկանշական է, որ թուրքական իշխանությունները այլ ազգերի և հատկապես քրիստոնյա փոքրամասնությունների դեմ լեզվական հալածանքի արշավում ակտիվորեն ընդգրկեցին ազգայնամոլ երիտասարդությանը: Ի դեպ, ազգայնամոլական բնույթի քայլերի ու հալածանքների իրագործման հարցում երիտասարդության օգտագործումը դառնալու էր ավանդական և վերածվելու էր թուրքական պետության ամենահաճախ կիրառված և կիրառվող մեթոդներից մեկին: Ինչպես նշում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների տարատեսակ խնդիրների խորագիտակ մասնագետ - Ռըֆաթ Բալին, 1928 թ. հունվարի 13-ին Ստամբուլի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի տարեկան համաժողովում քննարկվել են թուրքերենի տարածման և երկրում թուրքախոսության մակարդակի բարձրացման հարցերը և ընդունվել է «Հայրենակից, թուրքերեն խոսիր» կարգախոսը, որն էլ հենց դառնալու էր տասնամյակներ տևած հալածանքի քաղաքականության անվանումը: Այդ կարգախոսի հռչակումից հետո սկիզբ է առել այլամերժ ու այլատյաց բնույթի գործողությունների մի շղթա, որի թիրախը հայերն էին: 1928 թ. հունվարին այն թաղամասերում որտեղ բնակվում էին հայերը, հասարակական վայրերում, տրանսպորտի վրա փակցվում էին «Հայրենակից, թուրքերեն խոսիր» գրությունները, իսկ այնուհետ ազգայնամոլ երիտասարդների խմբեր շրջում էին թաղամասերում, տրանսպորտում, նավերում և թուրքերեն չխոսողներին նկատողություն անում: Այդ միջոցառումը հիմնականում անցկացվում էր Պոլսում, սակայն այլ քաղաքներում էլ որտեղ դեռ պահպանվել էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ այն կիրառվում էր. օրինակ Էդիրնեում բնակվող հրեաների նկատմամբ, Իզմիրում: