Բաքուն հեռացրել է Վանքասարի եկեղեցու խաչը

  • by Western Armenia, 15 Փետրվարի, 2024 in Մշակույթ
111 դիտում

2024 թվականի հունվարի վերջին ՝ ադրբեջանական togrulavshar ինստագրամյան էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ նկարահանված է Վանքասար լեռան գագաթին գտնվող վաղմիջնադարյան եկեղեցին։

Տեսանյութից երևում է, որ եկեղեցու գմբեթին տեղադրված խաչը հանվել է:

Եկեղեցին պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցիների փոքր խաչաձև կենտրոնագմբեթ տիպին և իր ծավալատարածական հորինվածքով շատ նման է Թալինի, Քարաշամբի, Այլաբերի փոքր եկեղեցիներին: Այն թվագրվում է 7-րդ դարի կեսերին:

Եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշանները, որոնց զգալի մասը հայերեն տառեր են՝ նույնական Սիսիանի 7-րդ դարի տաճարի վարպետների նշաններին:

Վանքասարի եկեղեցին անցյալ դարի 80-ական թվականներին ադրբեջանական “վերականգնման” ժամանակ լուրջ կորուստներ է կրել: Խաթարվել է հուշարձանի բնա-պատմական լանդշաֆտը, հսկա ժայռը, որի վրա նստած է տաճարը, քարապատվել է ու սալապատվել է, տարածքը կառուցապատվել է ժամանցի և զվարճանքի գործառույթ իրականացնող շենքերով: Ադրբեջանական կողմը եկեղեցու հիմքի վրա «վերականգնել է» մի ծավալ, որը չի համապատասխանում նախնական կառույցին: Փաստորեն,  պահպանության և վերականգնման անվան տակ՝  ադրբեջանական կողմը մշակութային վանդալիզմի է ենթարկել հուշարձանը: Խորհրդային տարիներին Վանքասարի եկեղեցու ,այսպես կոչված , “վերականգնումը” ցույց է տալիս, թե ինչ է սպառնում օկուպացված Արցախի քրիստոնեական հուշարձաններին, եթե ադրբեջանական կողմը սկսի աշխատանքներ տանել՝ դրանք «իրական տեսքի բերելու համար»:

Եկեղեցին «վերականգնել» են` անտեսելով շինության կառուցվածքային և համաչափական հատկանիշները: Ճակատներում չեն շարվել քիվերը, միտումնավոր ոչնչացվել են արևմտյան մուտքի հայատառ արձանագրությունն ու խաչաքանդակը:  Ձևափոխված են նաև պատուհանների բացվածքները: Այլափոխվել են կոնստրուկտիվ հանգույցների (տրոմպներ, գմբեթարդներ, թաղ, գմբեթ) իրականացման եղանակները: Եկեղեցու ծավալների վրա տեղադրվել է մի գմբեթ, որն առհասարակ աղերս չունի վաղմիջնադարյան ճարտարապետության հետ:

1986 թվականին, երբ ընթանում էին ադրբեջանական «վերականգնման» աշխատանքները , Վանքասարի եկեղեցում ուսումնասիրություններ իրականացնող Սամվել Կարապետյանն ու Ղազարյանը վավերացրել են կիսաեղծ վիճակում գտնվող երկու արձանագրություն, որոնք հետագայում ավելի էին միտումնավոր վնասվել:

2020 թվականի նոյեմբերին՝ տարածքների՝ ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո , եկեղեցու գմբեթին՝ անմիջապես խաչի վրա,  տեղադրվել էր ադրբեջանական դրոշը:

Հաագայի՝ 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է»։ Բացի դա, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի ՝ արդարադատության միջազգային դատարանի ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն ՝ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, որովհետև  յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։