Բաքուն ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները

  • by Western Armenia, 12 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
115 դիտում

Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Բաքուն  2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Գերեզմանատների  ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային  կենտրոնը. «ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով , որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», - նշված է ահազանգի մեջ։ Սա հայ-ռուսական գերեզմանատուն էր՝ առաջացած  ցարական սահմանապահ 6-րդ ուղեկալի մոտ: Տապանաքարերը արձանագրությունների համաձայն վերաբերում են 1843-1915 թվականներին, ավելի վաղ տապանաքարերը պատկանում էին ռուսների և կրում էին ռուսերեն արձանագրություններ։ Առանձին տապանաքարեր ճարտարապետության և արվեստի գլուխգործոցներ էին: Դրանք մինչև 3 մետր բարձրության բազմամաս կոթողներ էին, որոնք ժամանակին պսակվել են թևավոր խաչով։ Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Բաքվի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են  Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի  մերձակայքում գտնվող գերեզմանատունը։ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։  Հավելենք նաև,  որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։