Բաքվի՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակի շուրջ

  • by Western Armenia, 30 Մայիսի, 2024 in Մշակույթ
32 դիտում

Սկսած 2021 թվականից՝  պաշտոնական Բաքուն առաջ է մղում, այսպես կոչված,  «Արևմտյան ադրբեջանի» գաղափարը, որի տակ ադրբեջանական քարոզչամեքենան հասկանում է ներկայիս Արևելյան Հայաստանի տարածքը: 

Այս կերպ Բաքուն ,առանց թաքցնելու ,անուղղակի և շատ դեպքերում նաև ուղղակի կերպով սկսում է տարածքային նկրտումներ ցուցաբերել Արևելյան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ կեղծ պատմական, ժողովրդագրական «փաստարկներ» մեջբերելով և աղավաղելով պատմական և արխիվային տվյալները: 

2022 թվականին գրանցվեց, այսպես կոչված,  «Արևմտյան ադրբեջանի համայնքը», որը «ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ-ի՝ 2022 թվականի օգոստոսին վերափոխված անունն է։ Բաքուն այս հասարակական կազմակերպությանը տվեց պաշտոնական դիրք, համայնքի գրասենյակ այցելեց Իլհամ Ալիևը, իսկ մայիսի մեկին Բաքվում բացվեց «Արևմտյան ադրբեջան» պետական հեռուստատեսությունը: Բաքվի քարոզչամեքենայի թիրախում առաջին հերթին հայտնվել են Երևան քաղաքը և Երևանի մզկիթները: Հիմնական թեզն այն է, թե ,իբր,  “հայկական կողմը միտումնավոր կերպով ոչնչացրել է քաղաքի իսլամական մշակութային ժառանգությունը, քանի որ այն ադրբեջանական է”: Այս թեմայի շուրջ վերջին տարիներին նկարահանվել են նաև բազմաթիվ հաղորդումներ, տեսանյութեր

Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Երևան քաղաքում գտնվող մզկիթների մասին կան բազմաթիվ հրատարակություններ՝  սկսած դեռևս  19-րդ դարից: Դրանք նկարագրել են (այդ թվում և հայ հետազոտողները) ճանապարհորդները՝ արժեվորելով դրանց ճարտարապետության ու հարդարանքի առանձնահատկությունները: Այս թեման չի շրջանցել նաև 20-րդ դարի հայ ակադեմիական միտքը: Երևանին նվիրված աշխատանքներում, բնականաբար, ներկայացված են քաղաքի մզկիթները և իսլամական կառույցները։  Երևանի իսլամական հուշարձանների զգալի մասը կառուցվել է 17-19-րդ դարերում, երբ քաղաքը, ինչպես և ամբողջ Արևելյան Հայաստանը , գտնվում էին պարսկական տիրապետության տակ, իսկ Երևան քաղաքը պարսկական խանության կենտրոն էր: Երևանի իսլամական բնակչությունը բազմազգ էր: Այստեղ բնակվում էին պարսիկներ, թյուրքական տարբեր ցեղերի ներկայացուցիչներ, ովքեր 19-րդ դարի փաստաթղթերում նշվում էին՝ որպես կովկասյան թաթարներ: Երևանի մզկիթները 17-19-րդ դարերի պարսկական  կրոնական ճարտարապետության օրինակներ են, ուստի խոսել դրանց՝  “ադրբեջանական ճարտարապետության” մասին,  ինքնին արդեն անհեթեթություն է:

Երբ Երևանը և ամբողջ Արևելյան Հայաստանը միացվեցին ռուսական կայսրությանը,  այդ ժամանակ հայտնվեցին Երևանի մզկիթները, դրանց ֆիզիկական վիճակի մասին առաջին նկարագրությունները, որոնք բոլորն էլ հրատարակված են: Կարող ենք փաստել, որ Երևանի առավել մեծ թվով միաժամանակ գոյություն ունեցած մզկիթների մասին վկայությունները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին: 19-րդ դարում՝ Երևանում,  հիշատակվել են գործող 6, որոշ տվյալներով՝ 7 մզկիթներ ։ Հարկ ենք համարում նշել, որ, համաձայն 19-րդ դարի արխիվային տվյալների և նկարագրությունների, մզկիթների մի մասը չէր գործում, կային նաև վթարային վիճակում գտնվողները, ինչը պայմանավորված էր ռուս-պարսկական պատերազմով և ռուսական իշխանությունների կողմից արված վերակառուցումներով: Սրա հետևանքով վթարային էին Երևանի բերդի տարածքում գտնվող մզկիթները: Իսկ Երևանի բերդը պատկանում էր ռուսական զինվորական իշխանություններին ։ 2020 թվականի պատերազմի առաջին օրերից սկսած՝  պատերազմի և բռնազավթված ՝տարածքներում մշակութային ժառանգության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմաթիվ նորմերի խախտումներում,  զինված բախումների դեպքում՝ Հաագայի և Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտումներով Ադրբեջանը բազմակի հարվածներ է հասցրել Արցախի հայկական ժառանգությանը։ Ոչնչացումից զատ, խախտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված 1994 թվականի՝ Նարայի իսկության վերաբերյալ փաստաթուղթը՝ աղվանացրել, հայկական իսկությունից զրկել և խեղաթյուրել է հայկական հոգևոր արժեքները։ Ոչնչացրել է 2010 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն համարվող խաչքարային արվեստի բացառիկ նմուշներ՝  հարված հասցնելով ոչ միայն Արցախին, այլև՝  ողջ մարդկությանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված 3 եկեղեցիների, այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմնահատակ ավերմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձագանքել նաև փաստագրված և արձանագրված պատմական 7 գերեզմանոցների ավերմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը անհապաղ պետք է իրականացնել Արցախում՝ կանխելու ներկայում շարունակվող մշակութային ցեղասպանությունը։