Բաքվին հաջողվել է տապալել ՝ Արցախին նվիրված ժողովածուի շնորհանդեսը

  • by Western Armenia, 14 Մարտի, 2024 in Մշակույթ
29 դիտում

Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Արցախում» խորագրով ժողովածուն, որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար սույն թվականի մարտի 6-ին Բեռլինում։

Բաքվի  գրեթե բոլոր թելեգրամյան ալիքներով  շնորհանդեսը խափանելու նախաձեռնությունները, ցավոք, հաջողեցին։ Նախատեսված ամսաթվից մեկ օր առաջ՝ մարտի 5-ին, կազմակերպիչները՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը  և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը չեղյալ հայտարարեցին միջոցառումը, և այն անցկացրեցին հեռավար: Պատճառը նշվում է հետևյալ կերպ. «Զանգվածային արշավ միջոցառման դեմ և էսկալացիայի վտանգ»: Չի նշվում, թե կոնկրետ ով է կազմակերպել և իրականացրել «զանգվածային արշավը գրքի շնորհանդեսի չեղարկման համար»։ 

Խմբագիրներ Անդրեաս Մյուլլերը, Հարություն Հարությունյանը, Դագմար Հելլերը և Մարտին Թամքեն մարտի 11-ին հայտարարություն տարածեցին, որում ի մասնավորի նշվում է․ «2024 թվականի մարտի 6-ին Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհուրդը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի  հետ համատեղ նախատեսում էր անցկացնել՝ մեր կողմից խմբագրված «Արցախի մշակութային ժառանգությունը. հայոց պատմությունը և նրա հետքերը  Արցախում» հատորի շնորհանդեսը։ Միջոցառման նպատակն էր՝ գիտական սիմպոզիումի շրջանակներում ներկայացնել գիրքը և ուշադրություն հրավիրել վտանգված հայկական մշակութային ժառանգության վրա կապված՝ Արցախից հայերի արտագաղթի և Բաքվի կողմից տարածաշրջանի գրավման հետ: Նման վտանգը երևում է հատկապես Նախիջևանում՝ Բաքվի ղեկավարության կործանարար մշակութային քաղաքականության լույսի ներքո, որտեղ ոչնչացվել են հայկական մշակութային արժեքները, եկեղեցիները, վանքերը, գյուղական կառույցները և նույնիսկ՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները:

Բաքվի դեսպանատան և Բաքվի ՀԿ-ների զանգվածային ճնշման պատճառով, միջոցառումը չեղարկվեց և անցկացվեց թվային ձևաչափով։ Գերմանիայում  Բաքվի դեսպանությունը հորդորել է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին՝ զերծ մնալ ենթադրյալ կողմնակալ միջոցառումներ անցկացնելուց։ Այս պահանջն ուղեկցվել է անձնական սպառնալից նամակներով։ Ավելին, զանգվածային նամակագրության արշավ է սկսվել, որն հավանաբար կազմակերպվել է դեսպանատան կողմից, օգտագործելով նմանատիպ տեքստեր: Բացի այդ, հայտարարվեց, որ Բեռլինում միջոցառման վայրի անմիջական հարևանությամբ տեղի կունենա ադրբեջանամետ ցույց: 

Որպես գրքի խմբագիրներ, մեզ խորապես անհանգստացնում է ազատական-դեմոկրատական երկրում նման կերպ հանրային գիտական միջոցառումը չեղարկելը և հնչեցվող վտանգները: Մենք վիրավորական և անհիմն ենք համարում «իսլամաֆոբ» պիտակավորումը նման սիմպոզիումի ծրագրում, որը կենտրոնանում է մշակութային ժառանգության պաշտպանության վրա: Մենք հիասթափված ենք փոքրամասնությունների մտահոգությունների և նրանց մշակութային ժառանգության պահպանման համար կարևոր իրադարձությունը պատշաճ կերպով պաշտպանելու պետական իշխանությունների կողմից պատրաստակամության բացակայությունից:

Մենք բողոքում ենք Բաքվի դեսպանատան գործողությունների դեմ և կոչ ենք անում քաղաքական հայտարարություն անել՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցներին։ Մենք կոչ ենք անում մեր երկրի ազատ մամուլին ընդգծել և փաստագրել օտար ինքնավար պետության կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը։ Ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք անում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ չնայած բոլոր խոչընդոտներին՝ պաշտպանելու Արցախում վտանգված մշակութային ժառանգությունը։