«Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդես

  • by Western Armenia, 17 Հունիսի, 2024 in Մշակույթ
39 դիտում

Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի է ունեցել Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսի բացումը։  

Ցուցադրությունում ներկայացված են այնպիսի եզակի նմուշներ ինչպիսիք են Արտաշես արքայի սահմանաքարը, բազմաթիվ զարդեր և արձանիկներ։

Բենիամիանի հնավայրը հայտնաբերվել է 1989 թվականին։ Հնագիտական պեղումները սկսվել են հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից և որոշակի ընդմիջումներով շարունակվում են մինչև օրս։ Շուրջ  քսան տարի տևած հնագիտական պեղումները տվել են բացառիկ արդյունքներ Հայաստանի և  ամբողջ տարածաշրջանի աքեմենյան և անտիկ ժամանակաշրջանների նկարագրության մասին։

Բենիամինի աքեմենյան պալատը և սյունազարդ անտիկ դահլիճը հեթանոսական Հայաստանի բացառիկ նմուշներից են։ Հատկանշական է, որ աքեմենյան սյունազարդ դահլիճը վստահաբար խոսում է Բենյամինի հզոր դերակատարության մասին հյուսիսարևելյան Հայաստանում՝ ունեցել է վարչական կենտրոնի դեր հզոր աքեմենյան կայսրությունում։ 

Մինչ այս ցուցադրությունը Բենիամինի վերջին ամբողջական ցուցադրությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում՝  2007-2008 թվականներին։ Մի քանի անգամ որոշ  նմուշներ Բենիամինից եղել են Հայաստանի Պատմության թանգարանում։ 

Ցուցադրությունը կգործի երկու շաբաթ։