Գագիկ Գինոսյանի երազանքն իրականացրին նրա արվեստագետ ընկերներն ու սաները

  • by Western Armenia, 05 Ապրիլի, 2024 in Մշակույթ
35 դիտում

Գագիկ Գինոսյանի երազանքն իրականացրին նրա արվեստագետ ընկերներն ու սաները․ բացվեց «Կարին» համույթի պարասրահը։

Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում կայացավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարասրահի բացումը, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Ստեփանյանի հիշատակին, ով եղել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հենասյուներից մեկը։ Արևելյան Հայաստանի ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը բացման խոսքում նշեց, որ պատմությունը կերտում  են ոչ թե ժողովուրդները, այդ նրանց արժանի զավակները, որոնցից են և՛ «Կարին» խմբի հիմնադիր, երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանը, և՛ Հարություն Ստեփանյանը։  «Ըստ Գինոսյանի նախատեսած ծրագրի՝ այս պարասրահն ինքը պետք է անվանակոչեր Հարություն Ստեփանյանի անունով, ավա՜ղ չհասցրեց, բայց այսօր մենք, որ կոչված ենք նրա ծրագրերն ու գործերը շարունակել, հպարտությամբ կատարում ենք նրա իղձը։ Խորին երախտագիտության խոսքերի են արժանի նաև այս մշակութային մեծ կենտրոնի երկարամյա տնօրեն Սամվել Բալոյանն ու ներկայիս արժանավոր ղեկավար Տիգրան Բալոյանը, ովքեր ընդառաջել են այս գեղեցիկ ծրագիրն իրագործելուն»,- ասաց Պողոսյանը։

Երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի դուստրը՝ «Կարին» համույթի անդամ Ծովինար Գինոսյանը տեղեկացրեց, որ իր հայրը շատ մեծ նվիրումով ի սկզբանե ձգտում էր, որպեսզի կատարվեր կապիտալ վերանորոգում և բոլորն ունենային Հարություն Ստեփանյանի անվան պարասրահ։ Շինաշխատանքներն իրականացնելու նպատակով նույնիսկ կազմակերպվել է դրամահավաք։ «Կարին» և «Լեռնապար» համույթների պատանի սաները նույնպես մասնակցել են վերանորոգման աշխատանքներին և շատ բաներ կառուցել են իրենց ձեռքերով։ Վերջապես գեղեցիկ ու հարմարավետ պարասրահն իր դռները բացեց բոլորի առջև։ Այդտեղ առկա են անհրաժեշտ պայմաններ՝ հայկական պարերին հաղորդակից լինելու, դրանք սովորելու համար։ Պարասրահի բացման արարողությանը ներկա էին նաև բազմաթիվ պատանիներ, ովքեր հետագայում շարունակելու են հայկական պարարվեստի լավագույն ավանդույթները, որոնց ակունքներում կանգնել են Գագիկ Գինոսյանի ու Հարություն Ստեփանյանի պես նվիրյալ հայորդիներ։