Եդեսիայի(Ուրֆա) հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերակի է վերածվել

  • by Western Armenia, 25 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
81 դիտում

Եդեսիայի Գերմուշ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական պատմական եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է։ Թեև 2018 թ․ եկեղեցին ընդգրկվել է Հալիլիյեի գավառապետարանի նյութական աջակցության ծրագրում, սակայն առ այսօր ոչ մի աշխատանք չի իրականացվել եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ։ Այդ մասին գրում է  ՝ Ֆաթմա Քեբերը  «Դուվար» պարբերականում ։ 

Ըստ Քեբերի ՝ 19-րդ դարում կառուցված սույն եկեղեցու գմբեթի մի մասը քանդվել է։ Այն ենթարկվում է ժամանակի և ապօրինի պեղումներ կատարող գանձագողերի ավերածություններին։

Հեղինակը հայտնում է, որ Ուրֆայի շրջանային տուրիստական զբոսավարների պալատի նախկին նախագահ Մյուսլյում Չոբանը շեշտել է, որ հարկ է եկեղեցին ժամ առաջ վերականգնել՝ զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ։ Նա նաև ընդգծել է այս եկեղեցու՝ Պորտասար (Գյոբեքլիթեփե) տանող ճանապարհի վրա գտնվելու փաստի կարևորությունը։ 

Ֆաթմա Քեբերը գրում է, որ  տվյալ շրջանում գտնվող գրեթե բոլոր եկեղեցիները վերածվել են մզկիթի։ Նախկինում այստեղ 2 եկեղեցիներ են եղել, որոնցից մեկը համարյա լիովին վերացել է։ Այդ եկեղեցուց հետք անգամ չի մնացել։ Դրա համար, Մյուսլյում Չոբանի կարծիքով, իրավասուները պետք է հնարավորինս արագ վերականգնեն հայկական Սուրբ Աստվածածինը։

Հրապարակման մեջ նաև հիշեցնում է, որ սույն հայկական եկեղեցու վերականգնման հարցը այս տարվա սեպտեմբերին բարձրացվել էր նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Այդ մասին թուրքական խորհրդարանում խոսել էր Ժողովրդահանրապետական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi / CHP) պատգամավոր Մահմուդ Թանալը։Նա մասնավորապես հարց էր ուղղել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, թե արդյոք ճի՞շտ են այն պնդումները, որ Ուրֆայի Հալիլիյե գավառում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին չպահպանվելու հետևանքով ավիրվել է։ Մահմուդ Թանալը Նուրի Էրսոյից նաև պահանջել էր պատասխանել հետևյալ հարցերին․

«Արդյոք աշխատանքներ իրականացնու՞մ եք՝ անհետանալու կետին հասած Գերմուշի եկեղեցին անմիջապես պահպանության տակ վերցնելու ուղղությամբ։

- Այդ աշխատանքները ե՞րբ են կյանքի կոչվելու։ Եթե նման աշխատանքներ չեն արվում, եթե եկեղեցին պահպանության տակ չի վերցվել, պարզ չէ՞, որ պատմական և մշակութային կորուստներ են լինելու, որոնք անհնար կլինի վերականգնել»։

Հրապարակման վերջում  պարբերականը հաղորդում է, որ բացատրություն ստանալու ակնկալիքով դիմել է նաև Հալիլիյե գավառապետարան, սակայն այստեղի իրավասուները կցկտուր պատասխաններ են տվել հայկական եկեղեցին վերանորոգելու վերաբերյալ։