Երևանն Ազնավուր էր լսում

  • by Western Armenia, 23 Մայիսի, 2024 in Մշակույթ
33 դիտում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանը Երևանը տոնեց գեղեցիկ համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ մայիսի 22-ին ՝ Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ):

«Երևանն Ազնավուր է լսում» խորագրով երեկոյին Գոռ Սուջյանի, Էրիկ Կարապետյանի, Սյուզաննա Մելքոնյանի և Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ հնչեցին Ազնավուրի սիրված ստեղծագործությունները, որոնք  պատմում են սիրո, հուսալքության, կանանց նկատմամբ մեծ ակնածանքի և մարդկային այլ զգացմունքների մասին:

Արտիստները ելույթ ունեցան Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն էր՝ Սերգեյ Սմբատյան: Երեկոյի սպասված հյուրն էր  ֆրանսիացի դաշնակահար Էրիկ Բերշոն, ով տարիներ շարունակ նվագակցել է շանսոնյեին: Հենց Էրիկ Բերշոյի ելույթով մեկնարկեց համերգը:

Երեկոյին դժվար էր տեղաշարժվել, քանի որ Կասկադը լեփ-լեցուն էր շանսոնյեի երկրպագուներով, որոնց շարքերում հայերից բացի շատ էին նաև օտարազգիներ,  ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ազնավուրի արվեստը համամարդկային է և չունի սահմաններ: