«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Մունք. Քաշաթաղ» խորագրով ցուցահանդես

  • by Western Armenia, 13 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
72 դիտում

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում դեկտեմբերի 12-ին բացվել է «Մունք. Քաշաթաղ» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին Քաշաթաղի  շրջանի պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ հնամյա կամուրջների, եկեղեցիների, խաչքարերի, ամրոցների ու բերդերի լուսանկարներ, որոնք հեղինակել է շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը։ Ցուցահանդեսի բացմանը, Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը, նախ նշեց, որ այս տարի լրանում է շրջանի ստեղծման 30-ամյակը՝ համոզմունք հայտնելով, որ այն Արցախյան շարժման ծնունդ էր։ Լուսանկարների հեղինակ Զոհրաբ Ըռքոյանի խոսքով՝ ցուցադրությանը ներկայացվել է իր արխիվի մի մասը։

Ըստ նրա՝ Քաշաթաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարներն ընտրվել են հաշվի առնելով այն հանգամանքը, որ այցելուներն հնարավորին լայն պատկերացում կազմեն շրջանի մասին։

Հեղինակի տեղեկատվությամբ  արտացոլված նմուշներից ամենահինը նախաքրիստոնեական շրջանի հուշարձաններ են՝ ժայռապատկեր, վիշապաքար, ամրոցներ։

Ցուցահանդեսը բաց կլինի երկու ամիս, որի շրջանակներում, կազմակերպիչների հաղորդմամբ, նախատեսվում են նաև կրթական ծրագրեր, բաց-դասեր հուշարձանների, ավանդազրույցների ու պատմության վերաբերյալ։