Թեքեյան կենտրոնում ցուցադրվել է «Շուշի․ Անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմը

  • by Editbeglari, 22 Հուլիսի, 2026 in Լուրեր
161 դիտում

Հուլիսի 17-ին Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել «Շուշի․ Անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը համախմբել էր պատմությամբ, մշակույթով և ազգային ժառանգությամբ հետաքրքրվող բազմաթիվ այցելուների։

Ֆիլմը ներկայացնում է Շուշիի բազմադարյա պատմությունը՝ հիմնվելով պատմական սկզբնաղբյուրների, փաստաթղթերի և գիտական ուսումնասիրությունների վրա։ Ստեղծագործությունը փաստարկված կերպով անդրադառնում է քաղաքի կազմավորման պատմությանը, նրա մշակութային և հոգևոր նշանակությանը, ինչպես նաև հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։

Ցուցադրությունից հետո ֆիլմի ռեժիսոր և օպերատոր Գևորգ Տեր-Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն պատմական ճշմարտության հանրայնացման և այն ապագա սերունդներին փոխանցելու գործում։

Ֆիլմի սցենարի հեղինակն է Արսեն Մելիք-Շահնազարովը։ Գլխավոր խորհրդատուներն են Վալերի Ավանեսյանը և Արտակ Մաղալյանը, խմբագիրները՝ Ժաննա Ներսիսյանը և Վաչագան Փահլևանյանը։ Մոնտաժի ռեժիսորն է Սամվել Ամիրխանյանը, մոնտաժը կատարել է Ռուբեն Օսիպովինը։ Օպերատորներն են Տիգրան Պետրոսյանը և Գագիկ Սարգսյանը, տեխնիկական աջակցությունը՝ Արմեն Ղազարյանը։ Տեքստը ընթերցում են Վաչագան Փահլևանյանը և Վարդուհի Բաղդասարյանը, թարգմանության հեղինակն է Ներսես Աթաբեկյանը։

Երաժշտության հեղինակը Էդուարդ Ղազարյանցն է, խոսքերի հեղինակը՝ Հոմերոս Վանյանը, իսկ երգը կատարում է Տիգրան Մկրտչյանը։