Իննա Սահակյանի՝ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆիլմի՝ XIV փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին

  • by Western Armenia, 21 Մարտի, 2024 in Մշակույթ
58 դիտում

Ռեժիսյոր Իննա Սահակյանի՝ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին:

Այս մասին հայտնում է Արևելյան  Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Միջոցառումը կազմակերպել է Սան Լուի ֆրանսիական ինստիտուտը՝  Իտալիայում ֆրանկոֆոն դեսպանությունների աջակցությամբ։

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսյորն ու սցենարիստը՝ Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է “Զորյան” գիտական ինստիտուտի  աջակցությամբ և Հայերի դեմ իրականացված ցեղասպանության “Բանավոր պատմության արխիվի” հիման վրա:

Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի դեմ իրականացված  ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը: