Իսահակյանի պոեզիան Սվիրիդովի երաժշտական կտավում․ «Երկիր հայրական» վոկալ պոեմի պրեմիերան՝ Վարպետի տանը

  • by Editbeglari, 22 Մայիսի, 2026 in Լուրեր
135 դիտում

Մշակույթների երկխոսությունն ու գրականության ուժը հաճախ ծնում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք դուրս են գալիս ժամանակի ու տարածության սահմաններից՝ դառնալով համամարդկային արժեքներ։ Այդպիսի բացառիկ ստեղծագործություն է ռուս մեծանուն կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական վոկալ պոեմը՝ գրված հայ պոեզիայի Մեծն Վարպետ՝ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա։

1949 թվականին, երբ Սվիրիդովն առաջին անգամ հաղորդակից դարձավ Իսահակյանի պոետիկ աշխարհին, նա հիացած էր, և ինչպես ինքն էր խոստովանում, հենց այստեղ գտավ իր «երաժշտական խարիսխը»։ Իսահակյանական տողերի հոգևոր մաքրությունն ու անկեղծությունը կոմպոզիտորին օգնեցին վերաիմաստավորել հայրենիքի թեման՝ այն դարձնելով «Երկիր Հայրական» վոկալ պոեմի  ստեղծագործության առանցքը։ Ծնվեց 11 մասից բաղկացած մի մոնումենտալ կտավ, որտեղ հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, տոկունությունն ու ոգու վեհությունը ներկայացված են Բանաստեղծի խորաթափանց հայացքով։  Ստեղծագործության առանցքում հայրենիքի նկարագրման տեսարաններով իսահակյանական  ոգով փառաբանվում է Հայրենիքի գաղափարը, որը ֆիզիկական տարածք չէ, այլ հոգևոր տարածություն․ այն հայկական բնաշխարհն է, բայց նաև յուրաքանչյուր մարդու մանկության և նախնիների հիշողությունը, նրանց անցյալն ու ներկան։