Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացվել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը։ Այն տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Փառատոնը նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:
Փառատոնին տեղի է ունեցել լավաշի թեմայով ստեղծված կտավների բացօթյա ցուցահանդեսի և գյումրեցի նկարիչ Լևոն Առաքելյանի հեղինակային պատ-գեղանկարի (սթրիտ-արտ) բացումը: 2023 թ. Արևիկ համայնքի մանկապարտեզի պատին պատ-գեղանկարի միջոցով պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։
Այս տարի փառատոնին, բացի Արևիկ գյուղից, մասնակցում էին նաև Հայկավան, Հացիկ, Կարմրաքար, Բաշգյուղ համայնքների բնակիչները, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին տեղական լավաշն ու բոքոնը, իրենց արտադրած գյուղական բարիքները, համեղ ուտեստներն ու քաղցրավենիքները: Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երկու տաղավարով ներկայացված էին արցախյան խոհանոցը և արհեստագործությունը:
«Լավաշի կախարդանքը» փառատոնն ուղղված է ոչ միայն հայկական լավաշի և այն պատրաստող կին հացթուխների փառաբանմանը, այլև համայնքի աշխուժացմանը, երիտասարդների ներգրավվմանը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացում և համայնքի կայուն զարգացման խթանմանը:
