Կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են. Պատմության թանգարանն՝ Անահիտ դիցամոր կիսանդրու ցուցադրման մասին

  • by Western Armenia, 02 Փետրվարի, 2024 in Մշակույթ
104 դիտում

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն Անահիտից՝Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ դիցամոր բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ): Այս մասին պարզաբանող հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանը՝ անդրադառնալով Երևանում՝ Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանի ցուցադրման վերաբերյալ շրջանառվող հրապարակումներին:

«Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվ համագործակցում է նաև Լոնդոնի՝ Բրիտանական թանգարանի հետ։

Դեռևս 2018 թվականին, թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված’ «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ներկայացվել է 10 բացառիկ նմուշ։

2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվեց «Շքեղություն և ուժ, Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցություն ունեցավ նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ իր հավաքածուից ցուցադրությունում ներկայացնելով 3 բացառիկ նմուշներ ՝ (Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը’ Ք․ ա․ I դ․)։

Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես, Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն,  ԱնահիտՄարիամից Անահիտ’ Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ դիցամոր բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ»,- նշված է Պատմության թանգարանի տարածած հաղորդագրության մեջ: