Կամերային թատրոնը հանդիսատեսին տարավ Շառլ Ազնավուրի աշխարհ

  • by Western Armenia, 24 Մայիսի, 2024 in Մշակույթ
25 դիտում

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին, որը նշվեց մայիսի 22-ին, արտիստի երկրպագուներն Ազնավուրի և Երևանի կամերային թատրոնի դերասանների հետ ճամփորդեցին ժամանակի և երաժշտության միջով, հաղորդակից դարձան Ազնավուրի հիասթափություններին, համառությանը, նվաճումներին, սիրո տարբեր դրսևորումներին, նորովի բացահայտեցին մեծատաղանդ արտիստին ու ևս մեկ անգամ փաստեցին՝ Ազնավուրը միակն է, անկրկնելին:

Ներկայացման դերակատարներ Ներսես Մարկոսյանին, Դավիթ Աբրահամյանին և Լառա Բաբայանին հաջողվել էր դերասանական գեղեցիկ խաղով, բեմադրական գեղագիտությամբ և ազնավուրյան երաժշտությամբ ստեղծել միջավայր, որը տպավորում էր, տանում շանսոնյեի հարուստ աշխարհ:

Ներկայացման ընթացքում Ազնավուրի երգերի ներքո դերասանները պատմում են նրա կյանքի պատմությունը՝ ծնունդից մինչև նրա վերջին ամուսնությունը, որը հիսուն տարի ձգվեց: Այն վերջինն էր, բայց՝ ամենաամուրը:

Ժամանակին, երբ Ազնավուրն իր հաղթական համերգն ունեցավ Փարիզում, ֆրանսիական թերթերը գրեցին, որ Ֆրանսիան ազնավուրացված է: Մայիսի 22-ին  և 24-ին ազնավուրացված էր Երևանի կամերային թատրոնը: