Կոմիտասի մասին ներկայացումը կրկին բեմում է

  • by WesternArmenia, 20 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
182 դիտում

Յոլջու թատրոնի «Կոմիտաս» ներկայացումը 18-ամսյա դադարից հետո վերադառնում է բեմ։ Ներկայացումը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Ֆեհմի Քարաարսլանը, կցուցադրվի հոկտեմբերի 24-ին՝ շաբաթ օրը, ժամը 20։30-ին, Կոստանդնուպոլսի Ալան Քադըքյոյ թատերական հարթակում։

Ահմեթ Սամի Օզբուդաքի հեղինակած և բեմադրած ներկայացման ընթացքում Հակոբ Մամիկոնյանի ղեկավարած «Լուսավորչի» երգչախումբը կատարում է Կոմիտասի ստեղծագործությունները։ 2020 թվականի նոյեմբերին՝ Կոստանդնուպոլսի թատերական փառատոնի շրջանակում, թուրքերեն և ֆրանսերեն ներկայացված բեմադրությունը հետագայում ցուցադրվել է Թուրքիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Երևանում, Փարիզում, Նիսում և Ամստերդամում։

95 րոպե տևողությամբ ներկայացումն անդրադառնում է Կոմիտասի և երաժշտության կապին, 1915 թվականին հայ մտավորականների հետ Կոստանդնուպոլսից աքսորվելուն և այդ իրադարձության հետևանքով նրա կյանքում տեղի ունեցած բեկմանը։

2022 թվականին ներկայացումն արժանացել է մի շարք թատերական մրցանակների, այդ թվում՝ Թատերական քննադատների միության «Լավագույն ներկայացում» մրցանակին։

Ներկայացման տոմսերը հասանելի են Bubilet և Biletinial հարթակներում։