Հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատկերապատումների հեղինակները կանդրադառնան Արցախին

  • by Western Armenia, 06 Նոյեմբերի, 2023 in Մշակույթ
66 դիտում

Պատկերապատումների (կոմիքս) հեղինակ Ժան-Բլեզ Ջյանը, պրոդյուսեր և սցենարիստ Գորյուն Ապրիկյանն ու նկարիչ Կյոն-Յուն Պարկը, որոնք այժմ ապրում, ստեղծագործում են Ֆրանսիայում, կարծում են՝ պատկերապատումների միջոցով միայն արկածային, հեքիաթային թեմաներին չէ, որ պետք է անդրադառնալ. կոմիքսի միջոցով հնարավոր է խոսել տարբեր ժողովուրդներին, ազգերին հուզող հակամարտությունների, պատերազմների և ցեղասպանությունների մասին: Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով են նրանք 2022 թվականին ծավալուն պատկերապատումով անդրադարձել 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկին՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը։ «Հայոց ցեղասպանության պատմությունը» պատկերապատման որոշ դրվագներ ներկայացվեցին «ՌեԱնիմանիա» 15-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում, որին ներկա էին հեղինակներն ու նկարիչը:  Լրագրողների հետ զրույցում Գորյուն Ապրիկյանը նշել է, որ  ՝ Ֆրանսիայում  Հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին պատկերապատում են ստեղծել, քանի որ տեղի թուրքերը ժխտողական քաղաքականություն են վարում և չեն ընդունում ցեղասպանության իրողությունը: «Պատկերապատման միջոցով խոսեցինք այդ մասին, փորձեցինք թեման հասանելի դարձնել երիտասարդներին: Մեր նպատակն էր պատկերապատմամբ վավերագրել իրականությունն ու տեղեկություններ փոխանցել լայն լսարանին»,-ասել է Ապրիկյանը: Նկարիչ Կյոն-Յուն Պարկին հաջողվել է ստեղծել այնպիսի պատկերներ, որոնք հստակ արտացոլում են մարդկանց հիասթափությունը, սարսափը, ապագայի նկատմամբ անվստահությունը: Նա նկարազադումներ անելիս օգտվել է արխիվային լուսանկարներից, վավերագրական ֆիլմեր է դիտել՝ ծանոթանալով անհատների պատմություններին:

Ստեղծագործողները դեմ չեն կրկին համագործակցել, աշխատել որևէ նախագծի շուրջ, սակայն Կյոն-Յուն Պարկն առաջիկա երեք տարում շատ նախագծեր ունի, ուստի չի կարող միանալ Ապրիկյանին ու Բելզ Ջյանին, որոնք աշխատում են Արցախի մասին պատկերապատման ստեղծման վրա:

Հույս ունեն՝ այն պատրաստ կլինի երկու տարի հետո: Չի բացառվում, որ ներկայացնեն «ՌեԱնիմանիա» փառատոնին: