Հայկական ժողովրդական արվեստը՝ գիտական քննարկումների կենտրոնում

  • by WesternArmenia, 16 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
152 դիտում

Հոկտեմբերի 17-18-ը Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի թանգարաններում պահպանվող ժողովրդական արվեստի հարուստ ժառանգությունը, քննարկել դրա ուսումնասիրության, պահպանության և հանրահռչակման արդի մոտեցումները։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ժողովրդական արվեստի կիրառությանը ժամանակակից դիզայնում, կրթական նոր մեթոդներին և ստեղծարար արդյունաբերության հետ դրա կապերին։

Միջոցառումը միտված է խթանելու հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի գիտական ուսումնասիրությունը, ընդլայնելու մասնագիտական երկխոսությունը և նպաստելու ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին փոխանցմանը։