ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ինդիան Օրչարդ բնակավայրում հոկտեմբերի 24-ին կանցկացվի Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական եկեղեցու հայկական խոհանոցի 49-րդ ամենամյա փառատոնը։
Փառատոնի հիմքում Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքների՝ սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերն են։ Արևմտյան Մասաչուսեթսում հաստատված հայերը պահպանել են իրենց նախնիների խոհարարական ավանդույթները՝ դրանք փոխանցելով երեխաներին ու թոռներին։
Միջոցառման ընթացքում այցելուները կկարողանան համտեսել հայկական ավանդական ուտեստներ՝ խորոված, լոշ քյաբաբ, սպանախով բորեկ, փախլավա, չորեկ և այլ քաղցրավենիքներ։ Նախատեսված են նաև կենդանի հայկական երաժշտություն և ավանդական պարեր։
1934 թվականին հիմնադրված Սուրբ Գրիգոր եկեղեցին ավելի քան իննսուն տարի ծառայում է որպես համայնքի հոգևոր ու մշակութային կենտրոն՝ պահպանելով հայկական ինքնությունը, խոհանոցն ու ազգային ավանդույթները։
Փառատոնը ոչ միայն հայկական խոհանոցի ներկայացում է, այլև պատմական հիշողության պահպանման և սերունդների միջև մշակութային ժառանգության փոխանցման կարևոր նախաձեռնություն։
