«Հայկական կինոդար» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում կցուցադրվեն ֆիլմեր 

  • by Western Armenia, 14 Հուլիսի, 2023 in Մշակույթ
92 դիտում

ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը: Ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում: 

Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական և խաղարկային), այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգված նմուշներ: Կինոցուցադրություններ են անցկացվելու հատկապես այն մարզերում և մարզկենտրոններում, որտեղ չկան կինոդիտումներ կազմակերպելու հնարավորություններ: Ծրագիրը կիրականացվի ՀՀ 10 մարզերում՝ դպրոցներում, մշակութային կենտրոնների դահլիճներում, բացօթյա հրապարակներում:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի լայնամասշտաբ հանրայնացմանը՝ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իրեն հոգեհարազատ անիմացիոն վավերագրական և խաղարկային  ֆիլմեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը կլինի նաև ֆիլմերի ենթագրումն անգլերենով, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանում գտնվող օտարերկրյա այցելուներին ծանոթանալու հայ կինոյի դասականների և ժամանակակից ֆիլմերի հետ: Այն առարկայական նշանակություն կունենա նաև հայկական կինոարվեստի միջազգայնացմանը: