Հայրենի հողի կանչը՝ «Բեկոր»-ի բեմից

  • by Editbeglari, 27 Մայիսի, 2026 in Լուրեր
111 դիտում

«Ամենուր պետք է Հայոց ոգին զրնգա՝ բեմում, թատերաբեմում, մարտաբեմում և ոգեբեմում»․ այս գաղափարով Բեկոր ազգային կրթամշակութային կենտրոնը մայիսի 25-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական կոմեդիայի թատրոնում ներկայացրեց «Այս հողի վրա» խորագրով համերգ-ներկայացումը՝ նվիրված երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։

Խմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Բաղդասարյանը նշեց, որ «Բեկոր» անվանումը երկակի խորհուրդ ունի․ այն նվիրված է Արցախի հերոս Բեկոր Աշոտին՝ Աշոտ Ղուլյանին, և միաժամանակ խորհրդանշում է հայկական մշակույթի մի փոքրիկ, բայց կարևոր բեկորը։

Ներկայացման առանցքում պանդխտության թեման էր՝ հայ մարդու ցավալի բաժանումը հայրենիքից։ Սյուժեի գլխավոր հերոսուհին՝ Շուշանը, որոշել էր մեկնել արտերկիր, սակայն ընտանիքի հիշողությունները, Եռաբլուրի խորհուրդը և Արարատի կանչը նրան վերադարձրին հայրենիք։ Ներկայացման ընթացքում հնչեցին հայկական ավանդական երգեր ու կատարվեցին ազգագրական պարեր, որոնք հանդիսատեսին տեղափոխեցին ազգային հիշողության ու ինքնության աշխարհ։

Համերգին մասնակցեց նաև «Կամք» խումբը, որտեղ ընդգրկված են տեսողության և լսողության խնդիրներ ունեցող մասնակիցներ։ Բեմում հնչեցին ռազմահայրենասիրական և ազգագրական երգեր, իսկ շուրջպարով ավարտվող երեկոն վերածվեց ազգային ոգու և միասնականության տոնի։

Հ․ Բաղդասարյանի խոսքով՝ «Բեկոր»-ի առաքելությունն է հանրությանը հաղորդակից դարձնել հայկական մշակույթին՝ երգի, պարի և ծիսակարգերի միջոցով։ Խումբը տարիներ շարունակ հանդես է գալիս տարբեր ձևաչափերով, իրականացնում պարուսուցումներ, համերգներ և նոր բեմադրություններ՝ շարունակելով Գագիկ Գինոսյանի թողած մշակութային ուղին։